
Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը իր ստեղծագործական առաջին քայլերը արել է 12-13 տարեկանում, սակայն որպես պրոֆեսիոնալ գործունեության մեկնարկ հաշվում է 2003 թվականը, երբ գրեց Սոնատ դաշնամուրի համար: Կոմպոզիտորի ստեղծագործությունների ցանկում, որը ներառում է շուրջ ութսուն ավարտուն գործեր, այն զբաղեցնում է առաջին համարը: Այս տարին Շահրիմանյանի համար կրկնակի հոբելյանական է՝ երեսունհինգամյակ և ստեղծագործական գործունեության քսանամյակ: Կոմպոզիտորը նշելու է այդ հոբելյանները հեղինակային համերգով, որը տեղի է ունենալու Կամերային երաժշտության տանը մայիսի 17-ին, ժամը 19:00-ին:
Կատարողներն են հայ արդի նշանավոր մենակատարներ. Գինեսի ռեկորդակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը - ջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Մելքոնյանը - թավջութակ, դաշնամուրի մոտ է լինելու հեղինակը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Ժիրայր Շահրիմանյանը:
Տոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես Կամերային տան տոմսարկղից, այնպես էլ առցանց հարթակներից: