«Ինձ համար էլ պարզ չէ՝ ինչի մասին էր խոսքը, բայց հավանաբար վերաբերում է առաջին պատերազմին ԼՂ-ում, թերևս այդ տեսանկյունից պետք է նայել»:

Այս մասին այսօր լրագրողերի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ արձագանքելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Եվրամիության դեսպանը՝ ասելով, որ հայկական զորքերն էլ ադրբեջանական սահմանի մեկ-երկու հատվածում են:

«Ըստ երևույթի՝ սա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին, բայց այստեղ ակնհայտ է բոլորի համար, որ այս շրջանում խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրս բերման մասին է, դրան անդրադարձել են թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ այլ գործընկերներ»,- նշեց ԱԳ նախարարի տեղակալը:

Վերջինիս խոսքով՝ ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք»-ին, ապա այս անգամ այդ եզրույթը չի էլ հնչել ընդհանրապես, և ակնհայտ է, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները:

Հարցին՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին ինչպիսի՞ն են դիրքորոշումները, Պարույր Հովհաննիսյանն արձագանքեց՝ խոսքը երկաթուղու մասին է, որը մեր կարմիր գծերից մեկն է. «Պետք է գործի միայն ՀՀ օրենսդրության իրավասության ներքո: Այդ հարցի վերաբերյալ ստույգ երաշխիքներ ստանալուց հետո նոր կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին: Շուտով կլինի հանդիպում նաև Մոսկվայում, այս հարցը քննարկվում է այլ ֆորմատներով»:

Իսկ հարցին, թե պատրա՞ստ ենք պայմանագիր կնքել՝ առանց Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից դուրս գալու, ԱԳ նախարարի տեղակալը նկատեց, որ պայմանագիրը ներառում է դրույթներ թե՛ դելիմիտացիայի, թե՛ ճանապարհների հետ կապված:

«Պարունակում է այն բոլոր սկզբունքները, ինչի հիման վրա պետք է ի վերջո խաղաղություն հաստատվի: Այս հարցը կտրված չէ ընդհանուր հարցից, ներառված է թե՛ պայմանագրում, թե՛ այլ գործընթացներում: Ամենակարևոր և զգայուն հարցերից է՝ ապահովել պայմանագրի իրականացումը»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը:

Բրյուսելում երեկ կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Այն տևել է գրեթե 3,5 ժամ:

Մինչ այս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հանդիպում էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Նմանատիպ հանդիպում են ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևն ու Շառլ Միշելը:

Բանակցություններից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, Շառլ Միշելը հայտարարել է, որ սահմանային խնդիրների շուրջ դիտակել են առաջընթացն ու հաջորդ քայլերը՝ կապված սահմանի դելիմիտացիայի հետ: Միշելը նաև տեղեկացրել է, որ հուլիսին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպումը:

Միշելը նաև հայտարարել է, որ եղել է ըմբռնում՝ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

793