
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Կամավոր աշխատանքի մասին օրենսդրական նախաձեռնությանը, որի նապատակը կամավոր աշխատանքն ավելի գրավիչ դարձնելն է:
Կամավոր աշխատանքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Ըստ նախագծերի փաթեթի՝ կամավորը կազմակերպության հետ պետք է կնքի կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ կամավոր աշխատանքի ժամանակահատվածը նրա համար կհամարվի աշխատանքային փորձառություն:
Ռուբեն Սարգսյանը վստահեցրեց՝ փաթեթի ընդունումը կնպաստի կամավորական ինստիտուտի կայացմանը, քանի որ ըստ գործող կարգավորումների՝ կամավոր աշխատանքն օրինականից տարանջատելը բարդ է:
«Ըստ առաջարկվող նախագծի՝ կամավորն այն քաղաքացին է, որը կամավոր աշխատանք է իրականացնում և ունի պայմանագիր: Նա կարող է լինել ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ»,- ասաց Ռուբեն Սարգսյանը, ապա հավելեց, որ տարիքային սահմանափակում չկա, սակայն մինչև 16 տարեկաններին վերաբերող որոշակի երաշխիքներ կան:
Ռուբեն Սարգսյանը նաև թվարկեց, թե որոնք չեն համարվելու կամավոր աշխատանք. «Կամավոր աշխատանք չի համարվում պաշտպանությանը մասնակցելու կամավորությունը (սա առանձին կարգավորման առարկա է), օրենքով սահմանված դեպքերում և կարգով առանց վարձատրության աշխատանքները, ընտանեկան կամ ազգակցական հարաբերությունների հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով կամավոր աշխատանքները»: