Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարին:

 

Վարչապետը մասնակիցներին նախ հանդիպել է մրցաշարի մեկնարկից առաջ և բոլորին մաղթել հաջողություններ:

 

Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցում էին 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 5000 մետր մրցատարածությունը: Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի թիմը, երկրորդ հորիզոնականը` Վայոց Ձորի Արենիի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի քաղաքի թիմը:

Մրցման լավագույն վազորդներն էին Շիրակից Մարի Սարգսյանն ու Սյունիքից՝ Արթուր Համբարձումյանը: Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Լավագույն վազորդներին մրցանակներ է հանձնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Մրցաշարին ներկա է գտնվել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված էին համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի ներկաներ,

Հարգելի մասնակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրադարձության առիթով: Դուք գիտեք, որ մենք հիմա «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո չորս մրցաշար ունենք: Պիտի խոստովանեմ, որ երկու տարվա արդյունքներով ակնհայտորեն այդ նախնական մտահղացմանը, նպատակին, ոգուն ամենաշատը համապատասխանում է խճուղային վազքի դպրոցականների մրցաշարը, և ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար:

 

Մենք երեկ և այսօր շատ լավ ժամանակ իրար հետ անցկացրեցինք, տեսանք խորհրդանշական իրադարձություններ: Երեկ շատ կարևոր քննարկում ունեցանք: Այդ քննարկումը, իմիջիայլոց, մրցանակի մասին չէր, այդ քննարկումն անհատի և քաղաքականության, անհատի և թիմի հարաբերությունների մասին էր: Եվ ես շատ ուրախացա, երբ տեսա, զգացի, որ մեր երեխաները, որոնք այստեղ են վազքի առիթով, շատ լրջորեն կարողանում են փաստարկել իրենց տեսակետները և հիմնավորել իրենց մոտեցումները: Դա չափազանց կարևոր է:

Ես առանձնակի հուզականությամբ հետևեցի մեր մրցաշարի վերջին մասնակիցներին, այսինքն՝ եզրագծին վերջին մոտեցողներին, և ես չգիտեմ այդ կադրը նկարահանվել է որևէ տեղ՝ նախավերջին մեր մասնակիցը, երբ մոտենում էր եզրագծին, բնականաբար, շատ հոգնած, հասկանում էր, որ ինքը մեծ հավանականությամբ մրցանակային տեղ չի զբաղեցնելու, և նա եզրագծին մոտենալով, վազքով ձեռքը պարզել էր, որպեսզի եզրագծին տրվող իր համարը վերցնի: Եվ եթե լուսանկարվել է այդ կադրը, ես կարծում եմ, որ այդ կադրը կարող է դառնալ մեր այս մրցաշարի ամենակարևոր սիմվոլներից մեկը: Երևի Արարատի թիմից էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև շատ կարևոր էր, որ բոլոր մասնակիցները նույնպիսի վճռականությամբ, նույնպիսի հաստատակամությամբ սեփական անելիքն անողի շատ պարզ գիտակցությամբ եզրափակեցին մեր մրցաշարը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սա մի կարևոր իրադարձություն է: Եվ կարծում եմ՝ նրանք, ովքեր հետևել են մրցաշարին, ունեն այդ հարցի պատասխանը, թե ինչու են այսքան շատ պետական բարձրաստիճան անձինք եկել և երկու օր զբաղված են այստեղ այս գործով: Սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև մենք հասկանում ենք և եկել ենք այն եզրակացության, որ շատ հարցեր կան, որոնց լուծումների հետևից պետք է գնանք` ԴՆԹ մակարդակով հասկանալու խնդիրները, և այդ մակարդակից սկսելու լուծել դրանք: Գաղտնիք չէ` մեր մոտեցումն այն է, որ կրթությունից, հանրակրթությունից, դպրոցից, մանկապարտեզից պետք է այդ հաղթանակի ոգին, թիմի ոգին, անհատական պատասխանատվության ոգին զարգանա, և մենք տեսնում ենք, որ, ահա, այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին»:

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցաշարի բոլոր կազմակերպիչներին, այդ թվում` ԿԳՄՍ նախարարությանը, այն բարձր մակարդակով անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև Առողջապահության նախարարությանը` մրցաշարի շրջանակում տեղադրված տաղավարների միջոցով առողջ ապրելակերպը խթանելու համար:

«21-րդ դարում, այո, սկզբունքային կարևոր բան է մարդկանց օգնել, որպեսզի նրանք սովորեն առողջ ապրելակերպին համապատասխան սնվել: Մենք պետք է հասկանանք, որ սա է զարգացման գրավականը՝ սովորել սնվել, սովորել սովորել, սովորել սովորեցնել, սովորել ընկալել, սովորել հասկանալ, սովորել հաղթահարել: Եվ այս միջոցառումը, այս մրցաշարը սրա համար է: Հայրենագիտությունը, հայրենաճանաչությունը շատ կարևոր է: Նաև ուզում ենք՝ այս մրցաշարերն ինչ-որ առումով դիվերսիֆիկացնել մարզերի միջև, որպեսզի, այո, մեր ներքին շարժունակությունը մեծանա: Դրա անունը նույնիսկ տուրիզմ չէ, դրա անունն է` սովորել ճանաչել սեփական Հայրենիքն իր բոլոր անկյուններով, որովհետև ճանաչելը հասկանալու, նրա շահերն ընկալելու, նրա ձգտումները հասկանալու ամենակարևոր միջոցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

778