
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված վարույթի շրջանակում պարզվել է մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածերի և վարորդների ինքնությունը։
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել է՝ «Մերսեդես»-ը վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Գ. Բրուտյանը, իսկ «Նիսան»-ը Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գ. Ալեքանդրյանը։
Վթարի հետևանքով «Նիսանի»-ի ուղևորներ, Ավան Առինջի բնակիչներ 15-ամյա Շողինե Թ․-ն և 1-ամյա Նոյ Թ․-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխված երեխաները քույր ու եղբայր են։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «Նիսան»-ի վարորդ Գ․ Ալեքանդրյանը եղել է ոչ սթափ։
Ըստ սկզբնաղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ «դեպքի վայր է ժամանել մի երիտասարդ, ով Կոտայքի մարզի բնակիչ է և ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում, փորձել է պարեկներին մոլորեցնել, թե «Նիսան»-ի վարորդն այլ անձ է։ Սակայն տեսնելով, որ պարեկները, ինչպես ժողովուրդն է ասում՝ «նրա կուտը չեն ուտում», սկսել է համոզել պարեկներին, որ վարորդի փոխարեն ինքը սթափության թեստ հանձնի։ Սակայն պարեկները նրան հասկացրել են, որ անիմաստ բաների հետևից է ընկել։
Երեկ՝ մայիսի 26-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել էին «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։