ՆԱՏՕ-ն անվտանգության նկատառումներով Կոսովոյում լրացուցիչ 700 զինվոր կտեղակայի և անհրաժեշտության դեպքում կպատրաստի ևս մեկ գումարտակ տեղակայելու համար: Այս մասին երեքշաբթի օրը Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու տարածաշրջանի ողջ բնակչության անվտանգությունը։ ՆԱՏՕ-ն մեր օպերատիվ ռեզերվից Կոսովո կուղարկի հավելյալ 700 զինվոր, և դրան գումարած՝ կբարձրացնի ևս մեկ գումարտակի պատրաստվածության մակարդակը, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն ​​ուղարկվի այնտեղ։ Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերն ունենան բոլոր ուժերն ու հնարավորությունները՝ իրենց մանդատը իրացնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը հաստատել է նաև տեղեկություններն այն մասին, որ ՆԱՏՕ-ի 30 զինծառայողներ վիրավորվել են Կոսովոյում սերբերի հետ բախումների ժամանակ։

«ՆԱՏՕ-ի զինվորականների վրա հարձակումներն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ ՆԱՏՕ-ն կշարունակի գործել անաչառ՝ իր մանդատի համաձայն»,- հավելել է նա։

348