Վարշավայում ընթանում է լեհական ընդդիմության բողոքի խոշոր ակցիան, հայտնում է РИА Новости-ն։

Մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցել երթին, որը կազմակերպել էր Քաղաքացիական դաշինքի ղեկավար, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը։ Ցուցարարները պատահական չէին ընտրել միջոցառման օրը՝ 1989 թվականի հունիսի 4-ին Լեհաստանում տեղի է ունեցել խորհրդարանի առաջին ազատ ընտրությունը։

Տուսկը, կոչ անելով մարդկանց մասնակցել ակցիային, ասել է, որ երթը կազմակերպվել է ի նշան իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության տնտեսական ու քաղաքական գործողությունների դեմ բողոքի։

Լեհաստանի ընդդիմության առաջնորդը հավելել է, որ երթը դեմ է «բարձր գներին, գողությանն ու ստին, պայքարում է հանուն ազատ ընտրությունների և ժողովրդավարական եվրոպական Լեհաստանի»։

Ի սկզբանե լեհական այլ ընդդիմադիր շարժումների առաջնորդները որոշել էին չմասնակցել միջոցառմանը, քանի որ դեռ չեն կարողացել դաշինք կազմել աշնանը կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Սակայն երբ նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է երկրի անվտանգության վրա «ռուսական ազդեցությունը» ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին օրենքը, նրանք որոշել են միանալ երթին։ Ընդդիմությունը մտավախություն ունի, որ այս հանձնաժողովի օգնությամբ իշխող կուսակցությունը կխոչընդոտի ընտրություններին իր հակառակորդների մասնակցությունը։

508