
Ամենակարևորը Փաշինյան-Ալիեւ հանդիպումն է, որովհետեւ այդ հանդիպումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ստեղծված իրավիճակի վրա: Ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել են՝ պատրաստ են Մոսկվայում հանդիպել: Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պետք է հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցին Վաշինգտոն, այդ այցը չի խանգարի Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: «ԱՄՆ-ում ունենք մեծությամբ երկրորդ հայկական սփյուռքը: ԱՄՆ-ը Թուրքիայի ավագ գործընկերն է: Ամեն մի հանդիպում պետք է օգտագործել»,- կարծում է Արցախի նախագահի խորհրդականը:
Դավիթ Բաբայանի համոզմամբ պետք է մեր արտաքին քաղաքական փիլիսոփայության, ռազմավարության մեջ արմատական փոփոխություն մտցնենք: Ու պարտադիր չէ, որ արմատական փոփոխությունն արվի ի լուր աշխարհի: «Մենք պետք է դասակարգենք մեզ համար եղբայրական երկրներ, որոնց հետ պետք է զարգացնենք հարաբերությունները, չպետք է թույլ տանք, որ վատթարանան հարաբերությունները նրանց հետ: Ցանկացած հայտարարություն եղբայրական երկրների հասցեին հատկապես պետական ապարատում պետք է պատժվի տեղում: Դրանից հետո թող լինեն երկրներ, որոնք մեզ համար կլինեն դաշնակիցներ, հարևաններ, եւ երկրներ, որոնց հետ մենք պահպանում ենք ֆորմալ հարաբերություններ»,- կարծում է նախագահի խորհրդականը:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ եղբայրական երկրների ցանկը պետք է ընդլայնել ու երբեւէ չվատթարացնել մեր հարաբերությունները նրանց հետ: «Եղբայրական երկրների ցանկում առաջին հերթին Ռուսաստանն է: Հարաբերությունների խորացում Ռուսաստանի հետ, քանի որ Թուրքիան արդեն այստեղ է, պատերազմի մեջ է: Նա դեռ մի ճակատով է պայքարում: Երկրորդ ճակատը չի բացել՝ չի պայքարում Երեւանի, Գյումրու ուղղությամբ եւ այլն: Իսկ եթե, օրինակ, բացի: Կարողանալո՞ւ ենք դիմագրավել: Իրենց հայրենասերի տեղ դրած այն դեմագոգները որ բղավում էին, որ ռուսական բազան պետք է հանվի, ո՞ւր են դրանք: Մեր զինված ուժերը շատ կարևոր են, մեր հպարտությունն են, կռվում են առյուծի պես, բայց մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ զինուժի հետ մեկտեղ անհրաժեշտ է արտաքին ճիշտ քաղաքականություն»,- պնդում է մեր զրուցակիցը:
Հայ-իրանական հարաբերությունները եւս կարևորում է Դավիթ Բաբայանը: Իրանը մեզ համար եղբայրական երկիր է: «Մեր հարաբերությունները զարգացնելիս բավական է նայենք սրան-նրան, օրհասական պահ է, կանգնած ենք ցեղասպանության վտանգի առաջ»,- կարծում է պարոն Բաբայանը:
Նա հորդորում է մեղավորներ այլ տեղ չփնտրել, պատմության մեջ, ինչ եղել է մեզ հետ, չմեղադրել այլոց, քանի որ մեր ամենամեծ թշնամին մենք ենք: «Եթե լինենք համախմբված, խելացի, ճիշտ քայլեր ձեռնարկենք, լեռներ շուռ կտանք: Մենք ունենք այդ ներուժը»,- վստահ է Արցախի նախագահի խորհրդականը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց՝ պատրաստ են բանակցության, պատրաստ են վերջ տալու այս արյունահեղությանը: Արդյոք այս հայտարարությամբ Ալիեւն ուղղակի ժամանակ է շահում: Դավիթ Բաբայանը ոչինչ չի բացառում: Նրա կարծիքով՝ պետք է իրատես լինենք, պատրաստ լինենք տարբեր սցենարների:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի դեմ, որին մասնակցում են Թուրքիան, վարձկան ահաբեկիչները: Ադրբեջանը երկու անգամ խախտել է հոկտեմբերի 10-ին, 18-ին ձեռքբերված հումանիտար հրադադարը: Ադրբեջանը թիրախավորում է լրագրողներին, խաղաղ բնակչությանը, մշակութային կառույցներն անթույլատրելի զինատեսակներով:
Սոնա Դավթյան