ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելով՝ ստացվում էր այնպես, որ կառուցվածքային ֆունկցիոնալ առումով ՀՀ-ն էր ակամա դառնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի չորս բանաձևերի կատարման միակ պատասխանատու սուբյեկտը: Այս մասին այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործողություններին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսով ամբողջ միջազգային ճնշումը ավտոմատ վերահասցեագրվեց ՀՀ-ին: «Հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը կամավոր ՀՀ-ի համար նման տհաճ վիճակ ստեղծեց, և արդյունքում կամաց-կամաց ԼՂ-ի հիմնահարցը սկսվում է ընկավել որպես տարածքային վեճ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, որը հնարավոր ամենանեգատիվ միջազգային ֆոնն էր ԼՂ հարցի համար: Մյուս կողմից՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը լրիվ անգիտակցաբար չի հայտնվել նման վիճակում: Լիսաբոնյան իրադարձություններն ակնհայտ դարձրին, որ ինքնորոշման կոնցեպտը չի կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից, և թերևս այդ պատճառով որոշվեց հարցին տարածքային վեճի հատկանիշ ևս հաղորդել, ինչը, իմ կարծիքով, կոպիտ սխալ էր, որովհետև մենք դրանով կամա թե ակամա վերահաստատեցինք ԼՂ-ի՝ Ադրբեջանի մաս լինելը, բայց սա դեռ քիչ էր՝ կասկածի տակ դրեցինք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն ի հայտ եկավ թեմա՝ տարածք Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա արտահայտվեց 1998-1999 թվականներին, երբ բանակցային սեղանին հայտնվեց հարցի կարգավորման տարածքային փոխանակում հայեցակարգը, ըստ որի՝ Հայաստանը իր տարածքից հատված պետք է տա Ադրբեջանին՝ Ղարաբաղը ստանալու համար: «Սա ոչ այլ ինչ է, քան Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու ակտ, քանի որ քո տարածքից մի շրջան պետք է տաս Ադրբեջանին, որ ստանաս Ղարաբաղը, նշանակում է, որ Ղարաբաղը ճանաչում ես որպես Ադրբեջան, իսկ սեփական տարածքդ հանում սակարկության»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ 1999 թվականին ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ շրջանառվում էր փաստաթուղթ, որը կոչվում էր «Տարածքային փոխանակման սկզբունքներ» և արձանագրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մասին: «Ճիշտ է, այն չի ընդունվել, և կա կարծիք, և ես կիսում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը՝ իրենց կյանքով»,- ասաց նա և նշեց, որ խոսքը 1999 թվականի օգոստոս-սեպտեմբերի մասին է: Վերոնշված փաստաթուղթն արդեն 2021 թվականի հոկտեմբերի 27-ից հետո վերաձևակերպվեց Քիվեսթյան գործընթաց, որի առանցքային գործընթացը հետևյալն էր. Հայաստանը Ադրբեջանին պետք էր տա ոչ թե Մեղրիի շրջանը ամբողջությամբ, այլ այդտեղով անցնող արտատարածքային միջանցք՝ փոխարենը ստանալով Լաչինի շրջանը»,- ասաց նա և նշեց, որ այս տարբերակի շուրջ կողմերը ևս համաձայնության չեկան: