Պատերազմական իրավիճակում մարդիկ տարբեր կերպ են արձագանքում՝ շատ հաճախ ոչ պաշտոնական լուրեր տարածելով կամ խուճապ առաջացնելով։ Այս մասին զրուցեցինք հոգեբույժ, հոգեթերապևտ, MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանի հետ, որը տվեց մի քանի կարևոր հարցերի պատասխաններ.

 

Ի՞նչն է պատճառը խուճապային տրամադրությունների։

 

Հիմնական պատճառը անորոշությունն է, որն առաջացնում է տագնապի, անհանգստության զգացում։ Իսկ տագնապը հաղթահարելու հեշտագույն ձևը՝ ավելի շատ բան իմանալն ու վերահսկողության զգացումը ուժեղացնելն է, ինչի համար մարդիկ անդադար նորություններ են նայում՝ հույս ունենալով ինչ-որ լավ լուրեր ստանալ, սակայն ուղեղը ինքնաբերաբար առանձնացնում է բացասականն տեղեկատվությունը՝ որպես անվտանգությանը սպառնացող։ Դա ավելի է բարձրացնում ներքին անհանգստությունը, և մարդիկ սկսում են կիսվել այդ լուրերով՝ գիտակցված կամ չգիտակցված ակնկալելով, որ դրանց կարձագանքեն սփոփանքով կամ հերքումով։ Արդյունքում ունենում ենք տխուր, հոռետեսական, խուճապահար ինֆորմացիայի տարափ, որջ «ձնեգնդի էֆեկտով» տարածվում է՝ առաջացնելով ավելի մեծ անհանգստություն և բերելով բացասական լուրերի ավելի լայն տարածման։

 

Ովքե՞ր են փորձում հասարակության շրջանում հաղթանակի հանդեպ վստահությունը նվազեցնել և ինչո՞ւ։

 

Առհասարակ, տագնապի և վախի ֆոնին մարդկանց բնորոշ է վտանգի մասին մեկը մյուսին նախազգուշացնելու վարքը. դա բնական է, քանի որ մենք խմբային էակներ ենք, և ինքնապահպանման բնազդը ստիպում է կիսվել մտերիմների հետ մեր իմացած վտանգներով։ Իսկ մասնավորապես, կարծում եմ՝ կարելի է նման մարդկանց մի քանի խումբ առանձնացնել։ Մի մասը ձգտում են լինել սթափ և հավասարակշռված, և, վտանգների մասին նախազգուշացնելով, ուզում են կանխել ավելորդ, էյֆորիկ ոգևորվածությունը, ինչը կարող է հիմնավորված լինել, քանի որ այժմ բոլորիցս պահանջվում է հնարավորինս մոբիլիզացված լինել։

Մյուս մասը կարող են ունենալ ցուցադրական, ուշադրություն գրավելու նպատակներ՝ օրինակ, ցույց տալ, որ ունեն ինչ-որ հատուկ, ավելի հավաստի կամ արագ աշխատող աղբյուրներ։ Շատերը կարող են մասամբ կամ լիովին համաձայն չլինել ընթացող մարտական և քաղաքական գործողություններին, և որոշում են իրենց կարծիքն արտահայտել բաց հարթակում, ինչը այս իրավիճակում այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մարդկանց կարող է ապակողմնորոշել և ավելորդ կասկածներ առաջացնել։

 

Մեծ դեր է խաղում նաև այն գործոնը, որ թիկունքում գտնվող գրեթե բոլոր մարդկանց մեջ կա ներքին զգացողություն, որ իրենք ոչ բավականաչափ են օգնում երկրին, իսկ դա բերում է մեղքի զգացման և դրանից բխող անտեղի ակտիվության, որը ինքնախաբեության մի տարատեսակ է։ Եվ վերջապես, տեղեկատվական պատերազմի արդյունքում կտրուկ աճել է կեղծ տեղեկատվության քանակը, որը շատերը դժվարանում են տարբերակել իրականից և տարածում են՝ անկեղծորեն հավատալով դրան։

 

Հաշվի առնելով այս ամենը՝ ուզում եմ հերթական անգամ հիշեցնել՝ օգտվեք միայն պաշտոնական տեղեկատվությունից, մի տարածեք ոչ հավաստի լուրեր, կիսվեք միայն այն տեղեկատվությամբ, որն ունի իրական, գործնական կիրառում՝ ինչպես և որտեղ կարելի է օգտակար լինել, որտեղ կարելի է օգնություն ստանալ և այլն, առցանց և իրական անվտանգության կանոններով։

1364