Հունիսից ատեստվորման պրոցեսը մեկնարկել է Զինված ուժերում, մենք արդեն ունենք կամավոր ատեստավորման մասնակցած շուրջ հազար զինծառայող: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Առաջին հայտ ներկայացրած 4 հազար զինծառայողներից հազարն արդեն հանձնել են համապատասխան քննությունները: Ունենք և ատեստավորվածներ, և մարդիկ, որոնք չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով պատրաստվածության մակարդակը: Այն զինծառայողները, որոնք պատրաստվել են, արձանագրում են շատ լավ արդյունքներ»,- ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ կա ընկալում, որ պատրաստվածության մակարդակը պետք է ամենօրյա ռեժիմով բարձրացնել և ստանալ ատեստավորման նոր հնարավորություններ:
«Բայց գործընթացը բավականին առողջ է, ունենք դժվարություններ, արձանագրվում են թերություններ, և այս մասով մենք պետք է արագ ու գործնական քայլեր իրականացնենք»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը հետաքրքրվեց՝ «Մենք կարո՞ղ ենք գոնե օգոստոսի մեկից Զինված ուժերում ունենալ զինծառայողներ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է»։ Նախարարը պատասխանեց. «Այո, մենք ունենք ատեստավորման տարբեր սանդղակներ և արդեն իսկ ունենք զինծառայողներ, որոնք հաղթահարել են գերազանցի նշաձողը, նրանց պարագայում ոչ թե կրկնակի, այլ կրկնակիից ավելի է աշխատավարձը բարձրացվել»:
Նա նշեց, որ կառավարությունը ստեղծել է այդ հնարավորությունը, և ամեն ինչ կապված է պատրաստվածության մակարդակի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: