Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը օրերս հայտարարեց, որ կառավարությունից համապատասխան լիազորություն ստանալու դեպքում խոստանում է կարճ ժամանակում բեկում մտցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։ Միևնույն ժամանակ նախկին ՀՀ ԱԳ նախարարը պայման էր դրել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 ամիս պետք է լռի, քանի որ նախկին արտգործնախարարի համոզմամբ՝«Փաշինյանի խոսելը հայ ժողովրդի գլխին բերել է պատերազմ» և պատերազմից հետո էլ այս ողջ ժամանակահատվածում նրա խոսելը է’լ ավելի է խորացրել եղած խնդիրները։

«Առաջին պայման. որ լիազորություն տրվի մի խումբ դիվանագետների, և ես պատասխանատվություն եմ վերցնում այնտեղ կտրուկ՝ երկու-երեք ամսվա ընթացքում իրավիճակ փոխելու, բայց այդ երկու-երեք ամսվա ընթացքում Փաշինյանը ուղղակի պետք է լռի, չխոսի», – ասել է Վարդան Օսկանյանը։

Թե ինչ գործունեություն է ծավալելու ՀՀ նախկին ԱԳ նախարարը, որը հնարավորություն կտա 3 ամսում որոշակի թեկուզ բարվոք վիճակի հասնել, լրագրողներին չէր հստակեցրել, սակայն կարծիք էր հայտնել, որ ժամանակին նույնիսկ հնարավորություն է եղել խուսափել պատերազմից, որն իր խորին համոզմամբ «Փաշինյանն է բերել մեր ժողովրդի գլխին՝ իր սխալների պատճառով»:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությանը հետաքրքրում է ԼՂ հակամարտության կարգավորումը, բայց չի հետաքրքրում, թե ինչպես. Միջազգային հանրությունը գնալու է այն «հեշտ ճանապարհով», որն իրենց առաջ կբացեն կողմերը:

«Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելը: Իհարկե, միջազգային հանրությունն ամեն ինչով կաջակցի Փաշինյանին, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի: Հավատացեք, այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին՝ միջազգային հանրության մոտ կտրուկ դիրքորոշման փոփոխություն կլինի»,-ասել էր Օսկանյանը:

Հատկանշական է, որ Օսկանյանը նման հայտարարությունները արել էր այսպես կոչված «Հայաքվե» ծրագրին մասնակցելուց և իր ստորագրությունը դնելուց հետո, որի նպատակն է, ինչպես դրա համակարգող Ավետիկ Չալաբյանն է պարզաբանում, «քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախի ճանաչումը այլ պետության կազմում»:

Ավելին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Չալաբյանը առավել հստակեցնելով իրենց պատկերացումները նշել էր. «սա վիժեցնելու է Արցախի հայաթափման և հանձնման գործընթացը: Գործող իշխանությունն ուզում է ամեն գնով հանձնել Արցախն ու հայաթափել, ու գործող իշխանության համար ոչ մի նշանակություն չկա, որ դա մեր պատմական հայրենիքն է, որ այնտեղ մեր սրբություններն են, որ այնտեղ 120 հազար մեր համաքաղաքացիներն են ապրում, որ արդեն այս ընթացքում 15 հազար հայորդիներ իրենց կյանքն են զոհել Արցախի համար: Իրենց համար նշանակություն չունի»:

Այնուամենայնիվ, ինչպես 2020 թվականի վերջում և 2021 թվականի կեսերի ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական շարժումների առաջ քաշած դիսկուրսերի դեպքում էր, այնպես այս դեպքում է, շարունակում է ոչ միայն անհստակ, այլ նաև անհասկանալի մնալ թե ընթացիկ բանակցային գործընթացին հակադրվող ընդդիմախոսները ի՞նչ դիվանագիտական գործընթացներ պետք է ձեռնարկեն, որը հնարավորություն կարող է տալ կասեցնել, իրենց բնութագրած «Արցախի հայաթափման և հանձնման գործընթացը»:

Փորձենք հասկանալ, թե ո՞րտեղից է բխում ընդդիմադիր ներկայիս դաշտի նման մոտեցումը և ո՞րտեղ են դրա արմատները:

Հարցի պատմությունից որոշ դրվագներ

Արցախի շուրջ ծավալված հայկական ներքաղաքական բանավեճը, որը կայանում է հանձնել-չհանձնելու պրիմիտիվ բանաձևով՝ նոր բան չէ: Սա առավել քան ակտիվ կերպով դրսևորվել էր 1997 թվականին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը, Ադրբեջանի կառավարության և Հայաստանի կառավարությանը ներկայացվել էր խնդրի կարգավորման երկու տարբերակները՝ այսպես կոչված «փաթեթային» և «փուլային» տարբերակները:

Փաթեթային տարբերակը, ըստ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ենթադրում էր, որ միաժամանակ լուծվում են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի  (ԼՂԻՄ) հարակից տարածքների վերադարձի հարցը, բացի Լաչինի շրջանից, ինչպես նաև խաղաղարար ուժերի տեղակայումը, շրջափակումների վերացումը, փախստականների վերադարձը, բուֆերային ու անջատիչ, ոչ թռիչքային գոտիների ստեղծումը ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանում: «Սա հարցի փաթեթային լուծման մի մասն էր: Մյուս մասը ԼՂ կարգավիճակի շտկումն էր: Առաջին մասի նկատմամբ, ըստ էության, ոչ ոք լուրջ տարաձայնություններ չուներ, երկրորդը` կարգավիճակը, կտրականապես մերժելի էր ԼՂ-ի համար, և  նույնքան կտրականապես մերժեց Բաքուն: Ադրբեջանը թյուր տպավորություն է ստեղծում, և, կարծես թե, միջնորդներն էլ շահագրգռված են այդ տպավորությունը տարածելու, որ իբր իրենք ընդունել են միջնորդների ներկայացրած առաջին ծրագիրը: Ադրբեջանը նույնքան կտրականապես մերժել է այդ ծրագիրը, ինչպես ԼՂ-ը: Հայաստանը ունեցել է շատ լուրջ վերապահումներ»- ասում էր Հայաստանի նախագահը:

ԼՂՀ ԱԳ նախարարությունն էլ տարածել էր մի հայտարարություն, որտեղ հակադրվելով Հայաստանի նախագահին` ընդգծել էր, որ Տեր-Պետրոսյանը ոչ լիովին կոռեկտ էր հոդվածում շարադրել Ստեփանակերտի մոտեցումները փաթեթային և փուլային տարբերակների վերաբերյալ: «1997թ. մայիսին համանախագահությունն առաջարկել էր համապարփակ համաձայնագրի նախագիծ (փաթեթայինը), որը բաղկացած է երկու մասից. հակամարտության դադարեցում և կարգավիճակ: Նախագիծը մեթոդաբանական իմաստով, իրոք, ներկայացնում էր փաթեթային լուծման տարբերակ: Սակայն թե՛ կարգավիճակի և թե՛ զինված հակամարտության դադարեցման համաձայնագրերը հիմնված էին Լիսաբոնի գագաթաժողովում ԵԱՀԿ գործող նախագահի արած հայտարարության մեջ շարադրված սկզբունքների վրա, հայտարարություն, որը պաշտոնական փաստաթղթի բնույթ չի ստացել Հայաստանի դիրքորոշման շնորհիվ: ԼՂՀ ղեկավարությունը մերժել է ոչ թե առհասարակ կարգավորման փաթեթային տարբերակը, այլ հենց տվյալ նախագիծը»:

Ընդգծենք, որ 1997 թվականի հունիսի 20-ին Դենվերի գագաթաժողովում համատեղ հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահող երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներ Բորիս Ելցինը, Բիլ Քլինթոնը և Ժակ Շիրակը` կողմերին հորդորելով դրական մոտեցում ցուցաբերել Մինսկի խմբի առաջարկությանը:

Փուլային տարբերակի շուրջ զարգացումները

ՀՀ նախագահի այն ժամանակվա անվտանգության գծով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը պատմում էր, որ կարգավորման մյուս՝ փուլային տարբերակով ստատուս քվոն պահպանվելու էր, քանի դեռ Ղարաբաղի և Լաչինի, միգուցե անգամ Քելբաջարի կարգավիճակի հարցը լուծված չէ. «Զբաղեցված մյուս տարածքները հետ էին տրվում: Սրա հետ մեկտեղ նաև շրջափակումները պետք է վերացվեին, կնքվելիք համաձայնագիրը խաղաղություն էր բերելու, ինչպես նաև` տնտեսական հիմնավոր և հաստատուն զարգացման ներուժ: Հսկայածավալ պաշտպանական ծախսերը նվազելու էին, դրա փոխարեն ավելանալու էին սոցիալ-տնտեսական ոլորտին ուղղվելիք գումարները, արտաքին ներդրումները մեր տնտեսության մեջ լրջանալու էին, կրճատվելու էր արտագաղթը»:

Հետագայում այդ ժամանակվա ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը ասում էր, որ Հայաստանը փորձում էր քննարկել կարգավորման այն կետերը որոնք հնարավոր էին դեռ քննարկման առնել այդ ժամանակ, որոնց արդյունքում ունեցած ձեռքբերումները ցույց էր դեռ տալու ժամանակը. «Կա իրարամերժ երկու մոտեցում, Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, և կա Ադրբեջանի դիրքորոշումը, որը չի ընդունում: Խուսափելով այդ երկու հակադիր հարցերից` փորձել քննարկել այն կետերը, որոնք կարելի է քննարկել: Փուլային առաջարկն ուներ կետեր, որոնք բխում էին մեր շահերից, և այն կետերը, որոնց հետ ունեինք խնդիրներ, բանակցային գործընթացում կարող էինք անդրադառնալ, և այդ փաստաթուղթն ընդունվում էր որպես բանակցությունների հիմք: Մեր կարծիքով` ժամանակն աշխատում էր ոչ ի նպաստ Հայաստանի, մենք կարծում էինք, որ ժամանակն է սկսել բանակցություններ, իսկ ի՞նչ կտային, կկարողանայի՞նք առավելագույնն ստանալ, ցույց կտար ժամանակը»:

Իր հայտնի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրում էր. «Մերժելով նախ փաթեթային, ապա փուլային լուծումները և այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին` ղարաբաղյան կողմն անհարմար դրության մեջ է դրել թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը»:

Մեր կողմից էլ նշենք, որ Փուլային տարբերակը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին տալիս էր փաստորեն վետոյի իրավունք, հնարավորություն ընձեռելով ուղիղ ազդել հետագա բանակցությունների վրա: Փաստաթուղթը այնպես էր կազմված, որ հետագա բանակցություններում հայկական երկու կողմերը ունենում էին մշտական առավելություն:  

Հայաստանի իշխանության մի հատվածի դավադրություն ու Օսկանյանի պահվածքը

Օգտվելով հասարակության մեջ տեղեկատվության պակասից, Քոչարյանի գլխաված վերնախավի մի մասը սկսեց կարծիք ձևավորել, որ սա Փուլային ծրագիրը ձեռնտու չէ Հայաստանի  և Ղարաբաղի համար: Դժգոհությունը տարածվում էր նաև կառավարական համակարգի բարձր էշելոններում: Արդեն 1997թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը  հուզական նամակ էր գրել Տեր-Պետրոսյանին` հռետորական հարցումներով. «ինչի՞ համար էին այդքան զոհերն ու զոհողությունները՚, եթե պետք է գնայինք նման զիջումների: Ոչ մի արտառոց բան չի պատահել. փակվեցին ադրբեջանական ճանապարհները, բացվեց պարսկականը: Թուրքիայի հետ հաղորդակցություն մենք երբեք չենք ունեցել […] Աշխարհի հզորների ճնշումն էլ, վերջապես, կրիտիկական աստիճանի չի հասել: Հասնի էլ, հերն անիծած, չէ՞ որ մենք էինք 88-ին ժողովրդին համոզում, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի, դիմադրության մեջ է»:

Արդեն 1998 թվականի հունվարին ՀՀ և ԼՂՀ համատեղ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Վազգեն Սրագսյանը և վարչապետ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել էին սեփական տեսլականները՝ բացահայտ կերպով հակադրվելով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով հարցի փոխզիջումային տարբերակի կողմնակիցն էր, քանի որ կարծում էր, որ Հայաստանը և Ղարաբաղը ապագայում ավելի հզոր չեն լինելու Ադրբեջանից իրենց համար ձեռնտու տարբերակով պայմանագիր կորզելու համար: Նախագահի կարծիքով փոխզիջումային տարբերակը ընտրություն չէր «լավի ու վատի» միջև, այլ ընտրություն էր «վատի և վատթարի միջև», որովհետև եթե այդ ժամանակ նման տարբերակներով հնարավոր էր բանակցությունների արդյունքում ձեռք բերել որոշակի նպաստավոր զիջումներ Բաքվից և ինչ որ բան էլ զիջել վերջինիս, ապա ապագայում Արևմուտքի նավթային շահը և ստատուս քվոյի արդյունքում Հայաստանի հյուծված տնտեսությունը այդ հնարավորությունը չէին ընձեռելու:

               1998 թվականի հունվարի ընդհանուր ԱԽ նիստում Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կարծիք էին հայտնել, որ «Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն»:

Ավելին, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը նույնիսկ պնդել էր, որ, եթե հակամարտության սառեցում լինի, ապա միևնույնն է միջազգային մեկուսացման ենթարկել Հայաստանին հնարավոր չէր լինի. «Հնարավոր չէ Հայաստանը լրիվ մեկուսացնել։ Մեզ կօգնեն Ռուսաստանը և Իրանը։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումը, ապա մենք զենք կստանանք Իրանից»:

Հաջորդիվ պաշտպանության նախարարը ընdգծել էր. «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այդ ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանն էլ հայտարարել էր թե «Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը մեզ համար վտանգավոր չէ», իսկ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը ուղիղ անդրադառնալով փուլային տարբերակին պնդել էր, որ այն «կարող է մեծացնել պատերազմի վտանգը» ևԼՂՀ հարակից շրջանների Ադրբեջանին վերադարձնելու արդյունքում անհարժեշտ կլիներ նախկին ԼՂԻՄ սահմաններով նոր դիրքեր ստեղծել, որը դժվար էր լինելու անել:

               Ուշագրավ է տվյալ ԱԽ նիստին  Վարդան Օսկանյանի (այդ ժամանակ ԱԳ նախարարի առաջին տեղակալն էր և Լեռնային Ղարաբաղի հարցով գլխավոր բանակցողը) պահվածքը, որն նա ներկայացնում է հետևյալ կերպ:

«Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը, բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից: Ավելին, նա գտնում էր, որ հաշվի առնելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման սահմանափակ հնարավորությունները՝ այլ տարբերակ ակնկալել հնարավոր չէ:

Նրա ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում նշում անգամ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, ուր մնաց ինչ-որ հստակեցում այդ հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից»,-գրում է Օսկանյանը:

Հաջորդիվ ՀՀ նախկին ԱԳ նախարարը պատմում է, որ այդ ժամանակ ծավալված թեժ բանավեճը ընդհատելով Տեր-Պետրոսյանը անսպասելիորեն իրեն դիմելով հարցրել էր. «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: «Բոլորի հայացքներն ուղղված էին ինձ՝ կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը: Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»,-գրում է Օսկանյանը:

Հաջորդող տողերում նախկին նախարարը գրում է, որ իր պատասխանը այդ ժամանակ հիմնված էր եղել այն համոզման վրա, որ Հայաստանը ամբողջովին չէր սպառել դիվանագիտական հնարավորությունները:

Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ հաջորդիվ իշխանության եկած վերոգրյալ ղեկավարները այդպես էլ չէին փոխել փոխզիջումային տարբերակի դեմ իրենց ունեցած անհիմն բացասական դիրքորոշումները, ինչի արդյունքում էլ պահպանվել էր իրենց բնութագրած ստատուս-քվոն (որն իրականում Ադրբեջանը օգտագործեց հզորանալու, զենք կուտակելու համար) շուրջ 30 տարի, որի արդյունքում երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման անհրաժեշտ միջոցների մեծ մասը ուղղակիորեն ուղղվեցին ռազմական ոլորտին, որն էլ դեռ իր հերթին էր անհասկանալի ձևով շարունակում մնալ ոչ պատշաճ ապահոված: Համենայն դեպս 44 օրյա պատերազմի ընթացքում ակնհայտ էր հայկական կողմի տեխնիկական ու կազմակերպական առումով ունեցած զիջումը հակառակորդին: 

Այնուամենայնիվ, այս գործիչները այսօր արդեն ընդդիմադիր դաշտում են իրենց փորձում ներկայացնել և կրկին փորձում են առաջ քաշել նույն այն դիսկուրսը, որն ունեցել էին 1997-98 թվականներին, և կրկին  պաթոսական բովանդակությամբ լեցուն տեքստերով, և կրկին առանց հստակ լուծման ուղիներ հասարակությանը ներկայացնելու: Միակ տարբերությունը թերևս այդ ժամանակների ու ներկայիս իրողության միջև այն է, որ այժմ նախկին ղեկավարները և այսօրվա ընդդիմադիրները իրենց հին խոսությը վերակենդանացնում են 2020 թվականի 44 օրյա պատերազմին հաջորդող և Հայաստանի ու Արցախի համար գրեթե փակուղային համարվող ժամանակաշրջանում: Այդ գործիչների, ու, մասնավորապես, Վ. Օսկանյանի մարտավարությունը չի փոխվել՝ մոլորեցնելով ժողովրդին, փորձել տպավություն, համոզմունք ձևավորել, որ գործող իշխանությունը չի մտածում Հայաստանի մասին, չգիտի, ինչպես կարգավորել խնդիրը, իսկ ահա իրենք՝ գիտեն: Հենց այս հույզերը արթնացնելուն են ուղղված Օսկանյանի կրկնվող պնդումները, որոնք որևէ հիմնավորում ու առնչություն այսօրվա իրողությունների հետ չունեն:

Վերջ:

365news.am

916