
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ապրիլի 16-ին խորհրդարանում իր ելույթի ընթացքում հայտարարել էր հետևյալը. «Երբ [խմբ․- իշխանությանը] հարցնում ես, օրինակ, Հայոց ցեղասպանության 110-ամյակի տարելիցի կապակցությամբ ինչի՞ պետական հանձնաժողով չկա, այդ հարցին պատասխան չկա»։
Նա նաև նշել է, թե առաջիկայում պետական միջոցառումներ չեն լինի Հայոց ցեղասպանության 110-ամյակի տարելիցին ընդառաջ։
ՀՀ վարչապետի աշխատակազմից Araratnews-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ կանցկացվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Կառույցից միաժամանակ հայտնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ համայնքներում ևս տեղի կունենան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
Հավելենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից։
Գեղամ Ադյան