Գործադիրն ընդունեց  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ստեղծվում բարձրացնել ՀՀ-ում գործող առաջին ատյանի դատարանի աշխատավարձերը:

«ՀՀ-ում ունենք գործող 300 դատավոր և եթե այս նախագիծը հաստատվի՝ թվով 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա, դրանք իրավասության, վարչական և սնանկության դատարաններն են: Այս փոփոխությունները կբերեն նրան, որ այս գերծանրաբեռնված օղակն ավելի գրավիչ կլինի մեր մասնագետների համար»,- ասաց նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ թեև կարող են լինել որոշակի քննադատություններ, բայց դատավորների աշխատավարձը բարձրացնում են կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձերը բարձրացնելուց հետո:

«Ամեն դեպքում, դատավորների, ընդհանրապես պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, քանի որ քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից և դատական համակարգում աշխատավարձի բարձրացումը մեր քաղաքականության շարունակականությունն է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկում են նաև դատարանների ստանդարտներ՝ սկսած դրեսկոդից, էթիկայի վարքագծից: «Երբեմն մեր դատարաններից տեսարաններ են շրջանառվում սոցիալական ցանցերում, որ դիսոնանս է առաջանում»,- ասաց նա և կարևորեց նոր ստանդարտի դատական համակարգը, շենքային խնդիրները:

Գրիգոր Մինասյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիներն այս որոշումների արդյունքում պետք է ավելի պաշտպանված լինեն: «Մենք պետք է համոզված լինենք, որ ՀՀ-ում գործում է անկախ դատական համակարգ՝ ոչ միայն կառավարությունից, այլև ընդհանրապես: Մեր կառավարությանը ժառանգություն է  հասել գերծանրաբեռնված դատարան»,- ասաց նա և նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը կոպմլեքս՝ 5-6 հիմնասյուներից մեկն է:

Աշխատավարձի բարձրացումը նախատեսվում է  2024 թվականի հունվարի մեկից:

 

Մանրամասները ՝տեսանյութով:

705