
Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանի՝ օրերս ԱԺ ամբիոնից հնչեցրած «ելույթը», որը ՀՀ վարչապետի ու նրա տիկնոջ հասցեին լուտանքների ու հայհոյախոսության հերթական դոզան էր, ինչպես արդեն հայտնել ենք, արժանացավ նիստին ներկա որոշ պատգամավորների ծափահարություններին ու անձամբ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ծիծաղկոտ շնորհակալությանը։ Արդյո՞ք այն պատճառով, որ իշխող ուժի ներկայացուցիչ տիկնոջ խոսքը նաև Թովմասյանի սրտից էր. Գրիգորյանն ու Թովմասյանն, ի դեպ, իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից են։
Տիկնոջ խոսակցական ապարատից արտահոսած ժանտն ընդհուպ զարմացրեց իր ընդդիմադիր գործընկերուհիներից մեկին՝ «ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից» «մանտրան» կրկնող ու Գրիգորյանի ոճով ՀՀ իշխանությանը հայհոյող Մետաքսե Հակոբյանին։ Վերջինս Գրիգորյանի ելույթի առաջացրած շոկից լայնաբերան ժպտում էր։ Խորհրդարանի բարձր ամբիոնը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ աշխարհին ուղերձներ հղելու, կոչ անելու նպատակով օգտագործելու փոխարեն՝ սույն տիկինը ժողովրդից ստացած մանդատն ու գերթանկ ժամանակը, փաստորեն, օգտագործեց Հայաստանի ղեկավարի ընտանիքին ցիցը հանելու համար, ընդ որում, այնպիսի էնտուզիազմով ու ջանասիրությամբ, ինչպես կվարվեր ադրբեջանցի որևէ միլիմեջլիսական։ Նրա ելույթին անդրադարձած ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր՝ գուցե ատելության խոսքի նման վարպետություն տիկինը ձեռք է բերել ադրբեջանցիների հետ շփվելի՞ս՝ ուսանելով Բաքվի Լենինի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։
Գրիգորյանի ելույթը, նկատենք, հանրային տիրույթում բուռն քննարկման արժանացավ նաև այսպիսի հարցադրման համատեքստում՝ արդյոք բարոյակա՞ն է, երբ ՀՀ հարկատուների վճարած գումարներից Արցախին փոխանցվող միջոցներից աշխատավարձ ստացող տիկինը վիրավորի ու անվանարկի հայաստանցիների ընտրած ղեկավարին։
Ի դեպ, նախօրեին տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի ասուլիսում լրատվամիջոցներից մեկը ՀՀ կառավարության ղեկավարին փոխանցեց Մետաքսե Հակոբյանի ձայնագրված հարցը, որտեղ տիկինը իրեն հատուկ ոճով դժգոհում ու ցուցում էր տալիս ՀՀ վարչապետին։ «Հարգելի գործընկերներ, ԱԺ պատգամավորը, որը հիմա հարց տվեց, իր աշխատավարձն ամբողջությամբ և հետևաբար իր խոհանոցի պարունակությունը ապահովում է ՀՀ կառավարությունը։ Վա՞տն է այդ կառավարությունը, հրաժարվեք, ասեք՝ մենք վերադարձնում ենք այդ միջոցները, որովհետև մեր շահերը լավ չի պաշտպանում»,- ի պատասխան Արցախի ԱՀ պատգամավորի հարցի՝ ասաց ՀՀ վարչապետը։
Civic.am-ը փորձեց Արցախի ՊԵԿ կայքում տեղադրված՝ Արցախի պետական պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերից պարզել, թե ինչ եկամուտ ունեն այս երկու տիկնայք։ Մետաքսե Հակոբյանը 2020 թ. (պաշտոնը ստանձնելիս ներկայացված) իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է որպես անշարժ գույք 1 կիսակառույց տուն, 2 մլն 218 հազար 267 դրամ աշխատավարձ։ 2020թ. տարեկան հայտարարագրում Հակոբյանը հայտարարագրել է 3 մլն 862 հազար 535 դրամ աշխատավարձը՝ որպես եկամուտ։