Մահացել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Լյուդվիկ Գեղամի Վարդանյանը: Այս մասին տեղեկանում ենք հեղինակ-կատարող Անիկ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից: Անիկ Մարգարյանը տեսանյութ է հրապարակել ու կից գրել.

 

«Մի երկրում,որտեղ ամեն երկրորդը քաղաքագետ է, իրական քաղաքագետների մասին շատերը չգիտեն ու իմանում են միայն նրանց մահից հետո։ Էսօր էդպիսի մեկին ճանաչելու ժամանակն է՝ ՄԵՐ ՊԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՄԱՀԱՑԱՎ...

 

Երկրորդ կուրսում էի երևի, երբ պարոն Վարդանյանը սկսեց մեզ դասավանդել։ Մեծ խանդավառությամբ էր լսարան մտնում, ես էլ դեռ 《մալադոյ》 էի՝ վախենում էի սխալ տպավորություն թողնել, վատ առումով ուշադրության կենտրոնում հայտնվել։ Մեր պարոն Վարդանյանը հետաքրքիր բարբառային ակցենտ ուներ, հաճախ ա֊ն կարող էր օ֊ի նման արտասանել։ Առաջին օրն էր՝ որոշեց բոլորիս հետ ծանոթանալ, հասավ ինձ ու կանչեց.

 

֊Մարգարյան Օնի~կ...

 

Ես ձայն չհանեցի, ու նորից՝

 

֊ Օնի՞կ արձագանքիր, բացակա ե՞ս...

 

Համակուրսեցիներս ահագին ծիծաղել էին ու իմաստ չկար լռելու ու ես կանչեցի՝

 

֊ Ես եմ...

 

֊Օնի՞կ էս ինչի ես ուշ արձագանքում...


Այդ օրվանից ես դարձա մեր Պարոն Վարդանյանի Օնիկը ու ամեն անգամ անունս տալիս համակուրսեցիներիս ուրախությունը ապահովված էր։

 

Տարիներն անցնում էին, Քաղաքագիտության բաժնում ամենասիրելի դասախոսներից մեկը՝ պարոն Վարդանյանը, որոշեց ֆեյսբուքում գրանցվել ու որպես ԼՅՈՒՆ ՎԱՆ ՑԶԻ։ Արդեն Քաղաքագիտության բաժնում էի աշխատում, համարձակվեցի հարցրի.


֊Պարոն Վարդանյան ջան ինչի՞ եք որպես Լյուն Վան Ցզի գրանցվել, ինչի՞ ոչ ձեր իրական անունով ազգանունով...

 

֊Օնիկ ջան դե նայի, մեր ժողովուրդը էնպիսի մտածողություն ունի, որ եթե ֆեյսբուքում մի իմաստուն բան գրեմ ու մակագրեմ Լյուդվիգ Վարդանյան՝ ոչ մեկ ուշադրություն չի դարձնի, բայց որ մակագրեմ ԼՅՈՒՆ ՎԱՆ ՑԶԻ, բոլորը կասեն էս ի~նչ փիլիսոփայի անուն է, հաստատ հին չինացի իմաստուն է ու կսկսեն մտքերիս մեջ խորանալ...

 

Երկու օր առաջ զոհվեց Պարոն Վարդանյանի եղբայրը։ Մեր պարոն Վարդանյանի սիրտը չդիմացավ կորուստին, չդիմացավ պատերազմի էս արհավիրքին, չուզեց տեսնել ու ապրել հայրենիքի այս ճգնաժամի ցավը ու ուզեց իր դասախոսությունները երկինքներում կարդալ, որտեղ երևի ինչ֊որ մի հրեշտակ Պարոն Վարդանյանին ներքաղաքական հարց կտա ու ինքը կպատասխանի իր հայտնի ձայնով ու հոգոց հանելով.


֊Է~հ, բարդ է, բարդ է, բարդ է...մոտեցման խնդիր է... ու կսկսի բացատրել։

 

Հ.Գ. Տեսանյութում մեր Պարոն Վարդանյանն իր տարերքի մեջ է՝ ոնց որ միշտ ասմունքում է՝ պոեզիան իր մեծագույն սերն էր, չէր զլանում մեզ համար էլ լսարանում ասմունքել։

 

Հ.Գ.Գ. ու ԵՊՀ պատմության մեջ հավերժ կմնա իր անունը ու մեր սերունդները կհիշեն ոչ թե մի ինչ֊որ Լյուն Վան Ցզիի կամ հին չինական պսևդոփիլիսոփաների, այլ բոլորիս սրտերում ընդմիշտ կմնա ամենաբարի, ամենասրտացավ ու հումորով ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ անունը...

 

#պատերազմի_քրոնիկոն #օր_25»:

 

 

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանն իր կոլեգայի կորստի առթիվ գրել է.

«Իմ սիրելի դասախոսը եվ գործընկերը..... ափսոս. շատ ափսոս......սիրում էր կյանքը եվ մարդկանց։ Ցավում եմ շատ. իմ սիրելի Վարդանյան ջան....


Հումորդ անսպառ. էներգիադ դրական. անսահման հումանիստ....


Գիտեմ վստահ. չդիմացավ սիրտդ. որն այնքան փխրուն էր. երբ խոսում եվ ասմունքում էիր հայրենիքի մասին. բոցավառվում էին աչքերդ ու նայում էիր հեռուներին՝ ասելով. Հասմիկ. գիտես. հերոս եղբայր ունեմ. պիտի այնպես ապրեմ. որ արժանի լինեմ նրա եղբայրը կոչվելուն։


Արժանացար. եղբորդ ինքնահողին սիրտդ չդիմացավ..... ու գնացիր հերոս եղբորդ մենակ չթողնելու։
Չգիտեմ. ինչ ասեմ. մտքերս շատ են. հիշողություններս՝ ծով. ցավն անսահման։


Հանգչիր խաղաղությամբ. մեր բոլորի սիրելի պարոն Վարդանյան. ու վստահ եղիր. որ շարունակելու ենք եղբորդ գործը՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։


ՀՈԳԻԴ ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՄՆԱ։


ՎՇՏԱԿՑՈՒՄ ԵՄ ԸՆՏԱՆԻՔԻԴ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՂԹՈՒՄ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ»:

 

 

 

18778