
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը կարծում է, որ արևմտյան լրատվամիջոցները խեղաթյուրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը։ Հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի եռակի դափնեկիրն ընդգծել է, որ մի քանի տարի առաջ ՌԴ նախագահի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ վերջինիս հռետորաբանության մեջ ռազմատենչություն չի նկատել։
Սթոունի խոսքով՝ հարցազրույցի ժամանակ Պուտինն ԱՄՆ-ին անվանել է «ամերիկյան գործընկերներ»։
«Նա այն հրեշը չէ, որպիսին ամերիկյան քարոզչամեքենան է նրան ցույց տալիս»,- ասել է Օլիվեր Սթոունը բրիտանացի դերասան Ռասել Բրենդի Stay Free փոդքաստին հյուրընկալվելու ժամանակ:
Ռեժիսորը կարծում է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի «թշնամին չէ»։
«Ռուսաստանը և Չինաստանը, որոնք այժմ համարվում են մեր գլխավոր թշնամիները, մի քանի տարի առաջ մեր դաշնակիցներն ու պոտենցիալ ընկերներն էին, բայց մենք բաց թողեցինք այս հնարավորությունը»,- հավելել է նա։
Օլիվեր Սթոունը 2017-ին չորս մասից բաղկացած վավերագրական ֆիլմ է նկարահանել Պուտինի մասին; Նաև 2019-ին Պուտինը հարցազրույց է տվել ռեժիսորին «Ուկրաինայի համար պայքարում» ֆիլմի համար։