
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը այսօրվա ասուլիսում հայտնեց, որ 2023 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ-ում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել են նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը։
«Կապիտալի, աշխատուժի և զբոսաշրջության մեծ ներհոսքի պայմաններում պահպանվող արտաքին բարձր պահանջարկը և տնտեսությունում եկամուտների ավելացումը նպաստել են պահանջարկի ընդլայնմանը։ Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել»,- ասաց նա։
Նուրբեկյանը հավելեց, որ այնուամենայնիվ բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար դանդաղ տեմպերով։