«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Միջոցառումներին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և եվրոպական մի շարք երկրների դեսպաններ։
Ծրագրի շրջանակում անցկացվել է «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով մասնակցային խաղ-փառատոնը։
Փառատոնի շրջանակում ՀՀ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիներ, իրանցիներ, ասորիներ, լեհեր, հայկական «Վարք հայոց», «Մասունք» ավանդական երգի-պարի խմբերը թե՛ առանձին տաղավարներում, թե՛ համապատասխան հարթակներում, ներկայացրել են ազգային խաղերը և դրանց առանձնահատկությունները, կազմակերպել խաղ-մրցույթներ։
Նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հետևել են խաղերին, շրջել տաղավարներում։ Նախարարը հետաքրքրվել է դրանց պատմությամբ, ծագմամբ և զարգացմամբ։
Ժաննա Անդրեասյանը դրական է գնահատել Եվրոպական ժառանգության օրերին ազգային ավանդական խաղերի անցկացումը՝ ընդգծելով դրանք հանրային ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու, մասսայականացնելու անհրաժեշտությունը՝ առանձին փառատոների կազմակերպմամբ։
Նախարարն այցելել է նաև թանգարան, ծանոթացել պայմաններին և խնդիրներին, տեղում քննարկել հնարավոր լուծումները։ Նշենք, որ պետական աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է թանգարանի վնասված տանիքը։
Երեկոն ամփոփվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «ԽԱՂ» ներկայացմամբ։