Եվրոպական քաղաքականության մեջ ամառային արձակուրդները մոտենում են ավարտին, և դժվար ժամանակներ են մոտենում, գրում է գերմանական Die Welt-ը։ Եվրախորհրդարանի ընտրություններին մնացել է 10 ամիս, եւ բոլորը փորձում են միավորներ վաստակել տարբեր թեմաներով։ Միգրացիան, էներգետիկ անցումը, պարտքը, աջակողմյան կուսակցությունների հանրաճանաչությունը և Ուկրաինան` խնդիրները շատ-շատ են, և դրանցից մի քանիսը ԵՄ-ում լուրջ քաղաքական ճգնաժամ հրահրելու ներուժ ունեն։ Դրանք անխուսափելիորեն լուրջ բանավեճի ու քննարկման առարկա են դառնալու։

Առաջին թեման միգրացիան է, շարունակում է Die Welt-ը։ Հունիսի սկզբին ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները համաձայնության են եկել նոր եվրոպական միգրացիոն քաղաքականության հիմնական դրույթների շուրջ։ Այժմ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են վերջնական փոխզիջումային լուծումներ գտնել մինչև 2024 թվականի սկիզբը։

Իսկ բանակցությունները կոշտ են լինելու։ Եվրախորհրդարանի շատ անդամներ քննադատում են ապաստան ստանալու հեռանկար չունեցող փախստականների արագ արտաքսման նոր ընթացակարգերը: Նրանք, մասնավորապես, դժգոհ են բանտային միգրացիոն կենտրոններից, որոնցում առաջարկվում է մարդկանց պահել այնքան ժամանակ, քանի դեռ նրանց փախստականի կարգավիճակ տալու մասին որոշում չի կայացվել։

Բեռլինը նաև պնդում է, որ կանայք և երեխաները դուրս մնան ծրագրից։ Մեծ հակասություններ կառաջացնեն նաև փախստականների բաշխման պարտադիր քվոտաների չափը, ինչպես նաև միգրանտներին ընդունելուց հրաժարվելու համար տուգանքի չափը։ Ընդհանուր առմամբ, այս թեման Եվրոպայում լուրջ քաղաքական ճգնաժամի հանգեցնելու շատ մեծ ներուժ ունի։

Երկրորդ թեման էներգետիկ շրջադարձն է, գրում է Die Welt-ը։ Ընդամենը մի քանի շաբաթից ուժի մեջ է մտնելու կլիմայի վերաբերյալ եվրոպական կարևորագույն օրենքներից մեկը, և այսպես կոչված Սահմանային ածխածնի ճշգրտման մեխանիզմը (ՍԱՃՄ): Խոսքը ածխաթթու գազի հարկի մասին է։ Եթե ապագայում եվրոպական ընկերությունն ուզում է ապրանքներ ներմուծել ԵՄ արտանետումների վերահսկման շատ ցածր չափանիշներ ունեցող երկրից, ապա ստիպված կլինի լրացուցիչ հարկ վճարել։ CO2-ի մաքսատուրքերը մեծ հարված կհասցնեն եվրոպական արդյունաբերությանը և հօդս կցնդեցնեն բյուրոկրատական ապարատը: Լեհաստանը դեմ է այդ միջոցին, և տնտեսագետները զգուշացնում են հնարավոր առևտրային պատերազմների մասին: Ի վերջո, այլ երկրներ կարող են ՍԱՃՄ-ն ընկալել որպես պաշտպանական միջոց, որն իր հերթին ներմուծման սահմանափակումներ կմտցնի։ Այս թեման միջին կոնֆլիկտայնության ներուժ ունի, նշում է հրատարակությունը։

Երրորդ թեման պարտքն է։ Առաջիկա ամիսներին ԵՄ-ն պատրաստվում է բարեփոխումներ իրականացնել պարտքերի մարման ոլորտում։ Այս հարցի վերաբերյալ կարծիքները շատ տարբեր են։ Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Իսպանիան և Եվրահանձնաժողովը կարծում են, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա պարտքի մարման իր անհատական պլանը։ Պետությունների մեկ այլ խումբ՝ Գերմանիայի գլխավորությամբ, հանդես է գալիս միասնական համաեվրոպական մոտեցմամբ։ Նրանց միջև «վճռորոշ մենամարտը» կկայանա այս աշնանը։

Մեկ այլ կարևոր ենթաթեման բյուջեն է: Ուկրաինայում ռազմական գործողությունների և բարձր գնաճի ֆոնին ԵՄ բյուջեն, որը համաձայնեցվել է 2021-ից մինչև 2027 թվականն ընկած ժամանակահատվածի համար, գտնվում է իր սահմանագծում։ Այս կապակցությամբ Եվրահանձնաժողովը պահանջում է 66 մլրդ եվրոյի ավելացում, դրան դեմ են ԵՄ անդամ շատ երկրներ։ Նրանց հոգնեցրել է, որ անընդհատ ստիպված են լինում ավելի ու ավելի շատ գումար ուղարկել Բրյուսել։ Այստեղ կոնֆլիկտայնության հավանականությունը մեծ է:

Չորրորդ թեման աջ պահպանողական և աջ պոպուլիստական կուսակցությունների աճող ճանաչողականությունն է, շարունակում է հրապարակումը։ Այս քաղաքական միավորումները գնալով ավելի շատ են հայտնվում ԵՄ երկրների կառավարություններում, իսկ Հունգարիայում, Լեհաստանում, Չեխիայում և Իտալիայում դրանք ներկայացված են նույնիսկ վարչապետների ամենաբարձր մակարդակով: Չնայած Եվրոպական խորհրդում աջերի առկայությանը, այնտեղ հնարավոր է պրագմատիկ աշխատանք տանել, սակայն Եվրախորհրդարանում իրավիճակը բոլորովին այլ տեսք ունի։ Որքան աջերն ամրապնդում են իրենց դիրքերն այնտեղ, այնքան խորանում է քաղաքական պառակտումը։ Պահպանողականները, սոցիալ-դեմոկրատները, լիբերալներն ու կանաչները հրաժարվում են համագործակցել նրանց հետ։ Սա արդեն վերածվել է ինչ-որ մշակութային պատերազմի։ Այս խնդրի կոնֆլիկտային ներուժը շատ բարձր է։

Դե իսկ վերջին թեման Ուկրաինան է։ Մինչ այժմ ԵՄ-ն ապշեցուցիչ համերաշխություն է ցուցաբերել՝ աջակցելով Կիևին, սակայն խոսքը հակառուսական պատժամիջոցների պատճառով միլիարդավոր ֆինանսական օգնության և տնտեսական կորուստների մասին է։ Բայց որքան երկար տևեն ռազմական գործողությունները, այնքան այդ աջակցությունը կդառնա ավելի երերուն: Միության անդամ 27 երկրները միանգամայն տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե երբ պետք է սկսեն Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները, և թե որքան խոր պետք է լինի Ուկրաինայի եվրաինտեգրումն այս պահին։

Չեն բացառվում ֆինանսական օգնության չափի շուրջ վեճերը, սակայն այս թեմայի կոնֆլիկտայնության ներուժը մեծ չէ, այլ ավելի շուտ միջին, եզրափակում է Die Welt-ը։

948