Կիևում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հավանաբար, փակ դռների հետևում փորձում էին համոզել Վլադիմիր Զելենսկին բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ ։ Այս մասին գրում է գերմանական Die Welt թերթը։
Բացի այդ նշվում է, որ եվրոպական երկրների ղեկավարներն աջակցել են Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։
«Փակ դռների հետևում պետությունների և կառավարությունների ղեկավարները, ամենայն հավանականությամբ, Զելենսկիին համոզել են բանակցությունների սեղանի շուրջ նստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրում են հրատարակության լրագրողները։
Ըստ նյութի հեղինակի՝ դա պայմանավորված է ուկրաինական հակամարտության պատճառած տնտեսական վնասով։ Եվրոպական գնաճն այսօր հասել է ռեկորդային մակարդակի։
Մակրոնը, ով, ըստ հրապարակման, սկսել է ավելի շատ անհանգստանալ ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի, քան Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար, Կիև կատարած այցի ժամանակ ցանկացել է «հստակեցնել իր դիրքորոշումը»։
Դրագին իր այցով ձգտում էր ընդգծել Հռոմի կարգավիճակը՝ որպես Եվրամիության գլխավոր դերակատարներից մեկը։
«Սակայն, ինչպես Մակրոնը, Դրագիի համար նույնպես կարևոր է, որ ճգնաժամը հնարավորինս շուտ ավարտվի: Իրավիճակը Իտալիայում գնալով ավելի վատ է դառնում, քանի որ եթե հակամարտության պատճառով տնտեսության արտադրողականությունը չվերականգնվի, ապա Իտալիայի կայունությունը վտանգված կլինի»,- ասվում է նյութում: