Կառավարության նիստի այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի չզեկուցվող հարցերի ժամանակ որոշվել է, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2023 թվականի սեպտեմբերի 8-ից:
Որոշման ընդունումը թույլ կտա Պանամայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: ՀՀ արտգործնախարարությունը նշել է, որ իր հեղինակած այս նախագծի հիմքերից մեկն այն է, որ առանց վիզայի ռեժիմը կնպաստի Հայաստանի և Պանամայի միջև քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև գործարար կապերի խթանմանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել Պանամայի Հանրապետության իշխանություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում:
Նշենք որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պանամայի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը մոտ 40 պետությունների, այդ թվում նաև Հայաստանի պարագայում։
Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի վիզայի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության և Էկվադորի Հանրապետության (ՀՀ կառավարության որոշում՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա) հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ: