ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ատեստավորման փուլի առաջին օրը՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման ավելի քան 15 կենտրոնում իրականացվել է օտար լեզուների՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ուսուցիչների կամավոր ատեստավորման ընթացքին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը շրջել է քննական սենյակներում և հաջողություն է մաղթել ուսուցիչներին՝ հույս հայտնելով, որ նրանք դրական արդյունքներ կգրանցեն ու կհաղթահարեն ատեստավորումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ թեստերը մշակելիս ԳԹԿ-ն հնարավորինս հաշվի է առել նախորդ տարիներին ուսուցիչների կողմից բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական հարցերին: Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ խնդիր է դրվել օտար լեզուների թեստային աշխատանքների համահավասարեցման, ինչը թույլ կտա բոլոր առարկաներից ունենալ հնարավորինս համաչափ բարդության թեստեր:

Նշենք՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 6355 ուսուցիչ:

Կամավոր ատեստավորմանը մասնակցում են 1-12-րդ դասարանների բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները, այդ թվում՝ դասվարները, ինչպես նաև չաշխատող, բայց մանկավարժի կրթություն ունեցող, մանկավարժի պահանջներին համապատասխանող անձինք, որոնք կամավոր ատեստավորման արդյունքում, համապատասխան միավորներ ունենալու դեպքում, կարող են բարձրացված դրույքարափով և հավելավճարով աշխատանքի անցնել հանրակրթական ուսումնական հաստատություններում:

2023 թ. կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցում են միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները, որոնք «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն՝ չեն համապատասխանում նշված օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, ըստ որի՝ նրանց մասնագիտական գործունեությունը դադարեցվելու է։ Սակայն կամավոր ատեստավորման դրական արդյունքի դեպքում նրանք կշարունակեն աշխատանքը՝ որպես ուսուցիչ։ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման և դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար:

Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցում են նաև այն ուսուցիչները, որոնք անցյալ տարի մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն չեն գրանցել բավարար արդյունքներ: 2023 թվականին այդպիսի շուրջ 700 ուսուցիչ է հայտ ներկայացրել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Նրանց համար ԿԳՄՍ նախարարությունը նաև վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել:

Տեղեկացնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 24-ին, տեղի կունենա «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը։

1432