Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։

Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության դրվեց հոկտեմբերի 5-ին։ Բանաձևին կողմ քվեարկեց 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։

Ընդունված բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը, որն իրենից ներկայացնում է միջազգային եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինչպես նաեւ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունն ու այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում։

Եվրախորհրդարանականներն ընդգծում են, որ այս հարձակումը հակասում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու Ադրբեջանի հայտարարած մտադրություններին և խաթարում է կողմերի միջեւ բանակցությունները։

«Հարձակումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար մեծ ճգնաժամի համատեքստում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերջին 9 ամիսների շրջափակումից հետո՝ խախտելով Բաքվի պարտավորությունները և Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանները։ Քաղաքացիական բնակչությանը տարածքից հեռացնելու հարկադրանքի կիրառումը կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և կարող է դիտարկվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո», – ասված է բանաձեւում։

Բանաձեւը ԵՄ-ին եւ անդամ պետություններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, ինչպես նաեւ հետաքննել ադրբեջանական ուժերի կողմից իրագործված հնարավոր ռազմական հանցագործությունները։

Եվրախորհրդարանի պատգամավորները հիասթափություն են հայտնում ՄԱԿ-ի առաջին առաքելության եւ դրա կազմակերպման վերաբերյալ եւ կոչ անում ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն ստեղծել։ Մտահոգություն է հայտնվել նաեւ արցախահայության բռնագաղթից հետո Լեռնային Ղարաբաղում մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ։ «Կոչ է արվում Ադրբեջանին զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական  կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց»։

Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք եւ վերահաստատում է իր պահանջը՝ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձեւը նաեւ խոր մտահոգություն է հայտնում եւ անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող անբարենպաստ հռետորաբանությունն ու հայտարարությունները։ Այս համատեքստում բանաձեւը Թուրքիային կոչ է անում զսպել իր դաշնակից Ադրբեջանին անպատասխանատու գործողություններից եւ դատապարտում է ցուցաբերվող աջակցությունը։ Բանաձեւը  դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԼՂ-ում զինված հակամարտությունն իր իմպերիալիստական օրակարգը խթանելու նպատակով շահագործելու եւ Հայաստանի ինքնիշխանության դեմ հետագա հարձակումները խրախուսելու համար։ Բանաձեւի տասնմեկերորդ կետը կոչ է անում վերանայել ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները եւ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը։ Ինչպես նաեւ կոչ է արվում Եվրոպական Հանձնաժողովին վերանայել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերությունը», հաշվի առնելով վերջինի կողմից միջազգային պարտավորությունների բազմաթիվ խախտումները։

Բանաձեւն ընդգծում է, որ Ադրբեջանի ներկա կեցվածքն անհամատեղելի է Եվրոպական միության մասին պայմանագրի 21-րդ հոդվածում ամրագրված ԵՄ արտաքին քաղաքականության նպատակների հետ։ Բանաձեւը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար, վերահաստատում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը։ «ԵՄ-ն պետք է օգտագործի պոտենցիալ աշխարհաքաղաքական վակուումի հնարավորությունը, Հայաստանին տրամադրի համագործակցության հավակնոտ ծրագիր՝ արդիականացնելով ներկայիս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և քննարկի Հայաստանին մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր առաջարկելու հնարավորությունը»,– ասված է բանաձեւում։

 Բանաձեւը կոչ է անում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին։  Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը նաեւ իրենց սահմանին և Լեռնային Ղարաբաղում։ Բանաձեւը դժգոհություն է հայտնում Եվրոպական կառույցների անտարբերության, անգործության եւ դանդաղ արձագանքի վերաբերյալ եւ պահանջում, որպեսզի ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայությունը վերանայի իր գործողությունները Հարավային Կովկասում եւ փոխարինի հանձնառու անձնակազմին։ Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց մտահոգությունն են նաեւ հայտնել, որ Ադրբեջանը ԵՄ-ին ռուսական գազն է վերավաճառում, եւ կոչ են արել նվազեցնել ԵՄ-ի կախվածությունն Ադրբեջանից։ 

Բանաձեւում կոչ է արվում նաեւ ազատ արձակել ձերբակալվածներին եւ համաներում կիրառել ողջ բնակչության համար։

1464