Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝« 2023-2025 թթ. Stipendium Hungaricum կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, հուշագրի համաձայն՝ հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային 30 տեղ կհատկացնի ՀՀ քաղաքացիներին՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հունգարերեն կամ այլ օտար լեզուներ ուսանելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հունգարիայի Պետքարտուղար Տրիստան Ազբեջը, Հունգարիայի նախարարական հանձնակատար Գյուլա Բուդային, ՀՀ ԱԳՆ և ԿԳՄՍՆ այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-հունգարական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ լեզուների ուսուցումը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» կարևոր թիրախներից է, իսկ հունգարերենի ուսուցումը նոր հեռանկարներ և հնարավորություններ կարող է բացել հայ երիտասարդների համար:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև հայոց լեզու, գրականություն և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի իրականացումը Հունգարիայի պետական համալսարանում: Անդրադարձ է կատարվել Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական հետազոտությունների թեմային, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում կամ Երևանի պետական մանկավարժական համալսարանում հնարավորության դեպքում հունգարագիտության և հունգարերենի ուսումնասիրությունների զարգացմանը:

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, համագործակցության առկա ուղիներն ու ներուժը: Անդրադառնալով կրթաթոշակային ծրագրին՝ նախարարը նշել է, որ պահանջարկի դեպքում հունգարական կողմը կդիտարկի նաև կրթաթոշակային տեղերի ավելացման հնարավորությունը: Պետեր Սիյարտոն կարևորել է հունգարերենի և հայերենի տիրապետող մասնագետների պատրաստումը՝ հույս հայտնելով, որ կրթաթոշակային ծրագիրը կնպաստի հայ երիտասարդների շրջանում հունգարերենի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը և համապատասխան մասնագետների պատրաստմանը:

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պաշպանության հարցը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից վերացման հստակ սպառնալիքի ներքո։ ԿԳՄՍ նախարարը Պետեր Սիյարտոյի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայոց պատմության և մշակույթի 5000 անշարժ հուշարձաններ, ինչպես նաև պետական 16 թանգարաններ, որոնց պահպանությանն ուղղված միջազգային հանրության հասցեական արձագանքը կարող է էական դեր ունենալ:

«Ամարասի վանական համալիրը, որտեղ 5-րդ դարում բացվել է առաջին հայկական դպրոցը, Գանձասարի վանական համալիրը և պատմամշակութային մի շարք այլ հուշարձաններ համաշխարհային քրիստոնեական ժառանգության կարևոր մասն են և, ցավոք, այսօր գտնվում են այլախեղման հստակ սպառնալիքի ներքո: Հույս ունենք՝ միջազգային հանրության և կառույցների ջանքերի մեկտեղման արդյունքում հնարավոր կլինի գտնել լուծումներ՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության համար: Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա՝ 2020-2023 թվականներին հավաքագրել ենք փաստագրական տեսանյութեր և լուսանկարներ՝ հուշարձանների մասնակի կամ ամբողջական ոչնչացման շուրջ 50 դեպքերի վերաբերյալ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Պետեր Սիյարտոն նշել է, որ որպես քրիստոնյա երկիր՝ Հունգարիան ևս կարևորում է քրիստոնեական կոթողների, մասնավորապես եկեղեցիների պահպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրությունը ներկայացնող այլ հարցեր:

698