Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք օգտագործում են «Apple» ընկերության հեռախոսներ, հոկտեմբերի 30-ին ծանուցումներ են ստացել այն մասին, որ հաքերային թիմի հարձակման փորձեր են եղել։

 

««Apple» ընկերությունը ուսումնասիրում է հեռախոսների ակտիվությունները և դրանց հիման վրան պարբերաբար ալիքներով ուղարկում է ծանուցումներ այն մասին, որ այս կամ այն մարդու հեռախոսը օգտագործվել է պետությանը սպասարկող հաքերային թիմի կողմից: Չի նշվում, թե դա որ երկրի և ինչ հաքերաին թիմ է, ում կողմից։ Կարող եմ ասել, որ ուսումնասիրած դեպքերի գերակշիռ մասն առնչվում է «Պեգասուս» լրտեսական ծրագիրը հեռախոսի մեջ ներդնելուն։ Այն իսրայելական մասնավոր ընկերության կողմից ստեղծված լրտեսական ծրագիր է, որը վաճառվում է մի շարք երկրների պետական կառույցներին։ Այն վաճառվում է բարի նպատակներով, որ գաղտնալսեն հանցագործներին, բայց իրականությունը ցույց է տալիս, որ բռնապետական ռեժիմներն այն օգտագործում են քաղհասարակության դեմ։ Այդ հարցում ամենավառ օգտագործողը Ադրբեջանն է, որը միայն իր երկրի ներսում 1000 թիախի դեմ է օգտագործել, որոնք ընդդիմադիր լրագրողներ ու քաղաքական գործիչներ են։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս դեպքն ամենաարտառոցն է այն առումով, որ Ադրբեջանն այդ ծրագիրը Հայաստանի դեմ փաստացի կիրառում է որպես կիբեռզենք՝ Իսրայելի կառավարության թույլտվությամբ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

 

«CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանի խոսքով, այն մարդիկ, ովքեր տիրապետում են ինֆորմացիայի, նրանց հեռախոսը վարակում են մի քանի անգամ, քանի որ «Apple» ընկերության հեռախոսները վերաբեռնելու ժամանակ վիրուսը վերանում է: Այդ իսկ պատճառով էլ կարևոր թիրախների հեռախոսները վերավարակվում են: «Apple»-ը նաև ստեղծել է «Lockdown Mode» գործիքը, որը ևս պետք է ակտիվացնել, քանի որ դա կանխում է հեռախոսից տվյալների արտահոսքը և վերավարակումը։ 

 

««Apple»-ը, որպես կենտրոնացված ընկերություն, որոշակի դիագնոստիկ տվյալներ է ստանում իր հեռախոսից։ «Google»-ն իր «Android» օպերացիոն համակարգը բաց կոդով տարածում է և այդ կարգի վերահսկողություն չունի, ինչպես «Apple»-ը։ Այնպես որ, եթե ծանուցում չեք ստացել, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում։ Կարող է ձեր հեռախոսը վարակվել է, ինֆորմացիայի արտահոսք եղել է ու դուք այդ մասին չգիտեք»,-ասաց Արթուր Պապյանը։

 

Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ վարակման դեպքում հաքերային թիմը տիրապետում է տվյալ հեռախոսի ամբողջ ինֆորմացիային ֆայլեր, լուսանկարներ, տեսանյութեր, հեռախոսահամարներ և այլն: Հեռախսի մեջ ոչ մի բան չի փոխվում և հնարավոր չէ ստուգել հեռախոսը վարակված է, թե՞ ոչ:

 

Արթուր Պապյանը հայտնեց, որ հեռախոսի ամեն մի վարակումը բավական մեծ գումար արժե՝ 20 հազար դոլարից մինչև 60 հազար դոլար, նշելով, որ ոչ թե պետք է վախենալ բանկային քարտերի գումարները գողանալու, այլ հեռախոսում ավելի արժեքավոր ինֆորմացիայի համար:

««Apple» ընկերությունից եղել է 5-6 զգուշացում և այս ամենը տիրում է 2 տարի: Եթե դիտենք՝ նամակ ստացողների ցանկում կա նախկին ԱԱԾ տնօրեն, ներկա վարչապետ, ԱԺ խոսնակ, ներկա նախագահ և այլն: Դա այն մարդիկ են, ովքեր բարձրաձայնել են, որ ստացել են նամակը, և կան մարդիկ, ովքեր դիմել են մեզ և չեն ցանկանում բարձրաձայնել: Մեզ դիմածների 30 տոկոսի մոտ վարակումների անհաջող փորձեր են եղել, մնացածի դեպքում հաջողվել է։ Մարդիկ կան, մի քանի անգամ են նման ծանուցումներ ստացել։ Վարակում են ինչպես այդ անձանց, այնպես էլ ընտանիքի անդամների հեռախոսները: Որ պատկերացնեք, նրանք պաշտոնյաներ են, լրագրողներ, մեդիաների տնօրեններ, դեսպանատների աշխատողներ, պարզ է, որ վարակում են բոլորին, ովքեր հասարակության մեջ ազդեցություն ունեն: Վարակները սկսվել են պատերազմի ժամանակվանից մինչ օրս, այսինքն՝ աղետալի ազդեցություն ունեցող հարձակում է: Ամբողջ պատկերը հնարավոր էլ չի հասկանալ, քանի որ մարդ կա, նամակ է ստացել մի քանի օր առաջ, բայց պարզվել է, որ հարձակումը եղել է պատերազմի ժամանակ: Այսինքն՝ զգուշացումները գալիս են ուշացումով»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Մասնագետները նշեցին, որ ծանուցումները ստանում են ոչ թե նոր վարակների դեպքում, այլ առհասարակ վարակների դեպքում։

488