Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում որոշվեց կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 1,1 մլրդ դրամ՝ դատախազներին դրամական հավելում տրամադրելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԺ կողմից 2023-ի մարտի 22-ին ընդունվել և ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով դատախազին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Նախագծի հիմքում դրված հաշվարկի համաձայն՝ 2023 թվականի համար դատախազներին հավելումներ վճարելու համար ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 878-Ն որոշմամբ ՀՀ դատախազությանը տրամադրվել է 1,200,000.0 հազ. դրամ, իսկ տարեկան անհրաժեշտ է 2,313,430.9 հազ. դրամ գումար, հետևաբար՝ անհրաժեշտ է լրացուցիչ 1,113,430.9 հազ. դրամ գումար:

Առաջարկվող նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ դատախազությանը հատկացնել 1,113,430.9 հազ. դրամ գումար՝ դատախազներին հավելումներ տրամադրելու համար:

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ համաձայն որի՝ Դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, ըստ այդմ՝ դատախազներին մեկ տարվա կտրվածքով կտրամադրվի հավելում՝ 2,313,430.9 հազար դրամի չափով:

228