
Կիրակի առավոտվա դրությամբ շուրջ 3000 հիմնականում ուկրաինական բեռնատարներ արգելափակված են սահմանի լեհական կողմում՝ բեռնատարների լեհ վարորդների կողմից ավելի քան 10 օր շրջափակման պատճառով, հայտնել են Ուկրաինայի իշխանությունները:
Այս ամսվա սկզբին լեհ վարորդները փակել էին Ուկրաինայի հետ սահմանային երեք անցակետերը՝ ի նշան բողոքի իրենց կառավարության անգործությանը։
Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ Կիևն ու Վարշավան անցյալ շաբաթ կրկին չեն կարողացել համաձայնության գալ բողոքի ակցիան դադարեցնելու հարցում։
Ըստ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության տվյալների, գոյություն ունեցող ութ անցակետերով ամսական միջինը 40-ից 50 հազ․ բեռնատար էր անցնում Լեհաստանի սահմանը, ինչը կրկնապատիկն է նախապատերազմյան ցուցանիշի: Բեռների մեծ մասը փոխադրվում է ուկրաինական տրանսպորտային պարկի միջոցով։
Ըստ ուկրաինացի սահմանապահների, այժմ ժամում ընդամենը մի քանի մեքենա է հատում Լեհաստանի սահմանը արգելափակված անցակետերով։
Անցյալ շաբաթ հացահատիկի ուկրաինական բրոքերները հայտնել են, որ նոյեմբերի առաջին 13 օրվա ընթացքում Ուկրաինա սննդամթերքի ավտոմոբիլային առաքումները նվազել են 2,7%-ով՝ Լեհաստանի սահմանին վարորդների գործադուլի հետևանքով առաջացած դժվարությունների պատճառով:
Spike Brokers-ը, որը պարբերաբար հետևում է արտահանման վիճակագրությանը, ասում է, որ Լեհաստանի հետ սահմանին մաքսային անցակետերով տրանսպորտային միջոցների անցումը նվազել է մինչև օրական 4000 տոննա բեռի՝ մեկ ամիս առաջվա օրական 7500 տոննայի առավելագույն ցուցանիշի համեմատ: