Ես ընդամենը ելույթ էի ունենում, դահլիճից սկսեցին տարբեր մեկնաբանություններ, ընդհուպ մինչև Վազգեն Սարգսյան ու ավելորդ բառեր: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
«Զգացի, որ ելույթս չի ստացվում, իջա, որ գամ, վերջ: Ավելորդ խոսակցություններ ու էդ պահին կոյուղաջրերի թագուհին (նկատի ունի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին- խմբ.) որոշեց, որ ինձ վրա պետք է ջուր ցփնի: Հետո սկսվեց իրարանցում, ինչպես տեսել եք»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ առավոտից այստեղ իրավիճակը լարված էր, Անի Խաչատրյանն ասաց. «Իրենք այդ նպատակով էլ եկել էին, նպատակը, ինչի համար եկել էին՝ սա էր: Մենք փորձեցինք զսպել, զսպել, զսպել, ելույթները հնարավորինս քաղաքական, ամբիոնից և ոչ թե դահլիճից, բայց տեսանք այն, ինչ տեսանք:
«Ես ոչ մեկին չեմ խփել: Այն պահին, երբ ինձ վրա ջուր եկավ, ես ինքնապաշտպանական՝ մազերից քաշեցի, որ բաժակը ձեռքից վերցնեմ: Հետո արդեն իրարանցում էր, ով ինչ, չեմ կարող ասել»:
Ինչ վերաբերում է ոստիկանների այնտեղ լինելուն, Անի Խաչատրյանը պատասխանեց, որ դա նորմալ է և ոստիկանները ցանկացած նիստերի ժամանակ պետք է լինեն:
Նա ընդգծեց, որ կոնկրետ «Մայր Հայաստան»-ը նպատակային էր այստեղ եկել ու դեռ նպատակային գալու է: