ՀՀ-ում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարանիշներով մեքենաները, սկզբնական շրջանում շատ եմ ուրախացել՝ մտածելով Վրաստանից Հայաստան այցելուների թիվը ավելանում է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելուն:

Նախագծով նախատեսված է, որ 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։

Վարչապետը նշեց, որ մեքենայի պետհամարանիշը նույնպես պետականության որոշակի ատրիբուտ է, և կարծում են, որ այս իրավիճակը այսպես շարունակել չի կարելի:  Նա նշեց, որ պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներն ավտոմեքենա ձեռք բերելիս ձևակերպում են շատ դեպքերում ժամանակավոր ներմուծում ու վրացական համարներով երթևեկում են Հայաստանում ու դա անում են, որ Հայաստանում մեքենաները չմաքսազերծեն։

Նա նշեց՝ ՀՀ քաղաքացիները նախընտրում են գնալ այդ ճանապարհով, քանի որ Վրաստանում ավտոմեքենաների մաքսատուրքերը էականորեն ավելի քիչ են: «Մենք կարող էինք գնալ մաքսատուրքերն իջեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ դա Եվրասիական տնտեսական միության կարգավորումն է և ՀՀ-ն չի կարող միակողմանի այդ խնդիրը լուծել:

Այսպիսով ՝ դեպոզիտային հաշվին քաղաքացին պետք է փոխանցի իր ներմուծած ավտոմեքենայի մաքսատուրքի և հարկերի չափով գումար։

2023 թվականի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների քանակը կազմում է շուրջ 9000, որոնց  համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է շուրջ 443 մլրդ դրամ, եթե այդ տրանսպորտային միջոցները ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։ Մասնավորապես, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը կազմում է շուրջ 1200, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը՝ շուրջ 7800։ Այդ տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու պարագայում, մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մասով կարող է գանձվել շուրջ 78 մլրդ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների գծով՝ շուրջ 365 մլրդ դրամ։

Կառավարությունը ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով  փոխհատուցման հնարավորություն կստեղծի։

ա Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով,

բ Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով։

Այսինքն՝ մինչև 5 տարեկան ավտոմեքենաների գծով փոխհատուցվող գումարը կարող է կազմել 31 մլրդ դրամ (78 մլրդ x 40%), իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մասով՝ շուրջ 256 մլրդ դրամ (365 մլրդ դրամ x 70%)։ Արդյունքում՝ նշված ավտոմեքենաները ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից ձևակերպում ստանալու և փոխհատուցում կատարելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջեի զուտ եկամուտը կարող է կազմել շուրջ 156 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

1244