Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը 2023 թվականի 9 ամիսների ընթացքում գերազանցել է 1,5 մլրդ դոլարը: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը «Եվրասիական հետազոտությունները ժամանակակից Չինաստանում և Եվրասիայում» 5-րդ համաժողովի ժամանակ:

 

Դիվանագետը նշել է, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է՝ հայկական ապրանքների իրացման մեծ շուկայով:

«Այս տարվա առաջին 9 ամիսներին առևտրի ծավալը գերազանցել է 1,5 մլրդ դոլարը, ինչը 30 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը»,-ասել է Ֆանը:

 

Նրա խոսքով՝ ավելի քան 20 հայկական ընկերություններ ավելի վաղ մասնակցել են Պեկինում կայացած արտահանման միջազգային համաժողովին:

 

Չինացի դիվանագետը փաստել է, որ երկու երկրների համագործակցությունը տարբեր նախագծերում մշտապես ընդլայնվում է: Օրինակ՝ Չինաստանը մասնակցում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը, արևային էներգետիկայի հետ կապված նախագծերին, Հայաստանի Հանրային հեռուստատեսության վերազինմանը։

 

Դեսպանը նաև մատնանշել է կրթության ոլորտում համագործակցությունը, ՏԻՄ մարմինների մակարդակով փոխգործակցությունը։

Նշենք, որ երկու երկրների միջև առևտրի ծավալը 2022 թվականին կազմել է 1,43 մլրդ դոլար։

545