
Իմ կողմից ամեն քայլ եղել է մեր քաղաքն ազատելու անօրինական շինարարություններից եւ քաղաքը կանաչ դարձնելու: Այսօր ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասուլիսում:
Քաղաքապետի խոսքով՝ շատ մեծ քայլեր են արվել դրա համար: «Եթե մեր ցանկությամբ լիներ, շատ բաներ այլ կերպ անեի: Բայց, ցավոք սրտի, իմ ցանկությունը բախվում է օրենքի պատերին: Իսկ օրենքը մենք հարգում ենք»,- վստահեցրեց պարոն Մարությանը:
Ինչ վերաբերում է Մաշտոցի պուրակի ծառահատմանը, Հայկ Մարությանն ասաց, որ մինչ այսօր պայքարում է Մաշտոցի պուրակի համար: «Մենք այն ժամանակ (նկատի ունի նախկին իշխանության օրոք- հեղ.) ունեցել ենք հաղթանակ: Ինչ դարձել եմ Երեւանի քաղաքապետ, առաջ եմ տանում այդ հաղթանակը: Այն տաղավարները, որոնք պիտի կառուցվեին, հանրային ճնշմամբ չկառուցվեցին»,- հիշեցրեց քաղաքի պատասխանատուն:
Քաղաքապետի ասաց՝ պուրակում կա մի սրճարան, որն ունի 277 քմ սեփական տարածք եւ 17 քմ սեփական տաղավար:
Քաղաքապետի խոսքով՝ 2018 թ-ի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանը ստորագրել է մի որոշում, որով Մաշտոցի պուրակում, բացի 277 քմ սեփական տարածքից եւ 17 քմ սեփական տաղավարից, վարձակալության է տրվել եւս մոտավորապես 1000 քմ տարածք մինչեւ 2040 թ-ի դեկտեմբերը:
Հեղափոխությունից հետո, Մարությանի տեղեկացմամբ, սկսեցին ապամոնտաժել սրճարանները, որոնցից մեկը Սամվել Ալեքսանյանինն էր: Սրճարանը պիտի գրանցվեր Կադաստրի կոմիտեում, սակայն քաղաքապետը հասցրել է չեղյալ համարել գրանցումը եւ վերադարձնել համայնքին մոտավորապես 1000 քմ-ը: Դրանից հետո պայմանավորվել են սեփանակատիրոջ հետ, որ 277 եւ 17 քմ սեփական տարածքները ապամոնտաժում են, անվավեր են ճանաչում սեփականության իրավունքը, որից հետո կառուցապատման իրավունքով վարձակալության են տալիս տարածքը: «Դա նշանակում է՝ գույքի տերը համայնքն է դառնում: Այսինքն՝ 1048 քմ-ը դարձել է մոտավորապես 300 քմ-ը: Սրանից լավ լուծում համայնքի համար չկա, եթե խոսում ենք օրենքով: Իսկ եթե օրենքով չենք խոսում, բուլդոզերներով քանդում ենք գույքը: Եթե օրենքը տա այդ հնարավորությունը, առաջինը ես կնստեմ բուլդոզեր, բայց քանի դեռ չի տալիս, ես մաքսիմալը քաղելու եմ քաղաքի համար».- ասաց քաղաքապետը: