ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր,
ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանակիր, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալակիր,
Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչի», Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր, Հայաստանի ազգային հերոս, Հովհաննես Չեքիջյանը 95 տարեկան է: Այդ առթիվ Մարի Հովհաննիսյանը զրուցել է մաեստրոյի հետ:

Սկսենք սկզբից: Պոլիս. ամենատպավորիչ հուշը

Ամենատպավորիչ հուշը կապված է հորս ընկերների հետ, որոնք եղել են Կոմիտասի սաները, ինչպես նաև երգչախմբի անդամները: Հավաքվում էին մեր տանը հաճախակի և երգում էին Կոմիտասի ստեղծագործությունները: Գիտե՞ք՝ Կոմիտաս Վարդապետը մեր տան հյուրն է եղել 14 գիշերով:

Պոլսի կոնսերվատորիայի տարիները

Գրեթե ամեն ինչ հիշում եմ: Երիտասարդ տարիներս այնտեղ են անցել: Դասախոսներս եվրոպացիներ էին: Դասական երաժշտությունից բացի ոչինչ չկար Պոլսի կոնսերվատորիայում: Լավ ուսուցիչներ եմ ունեցել: Ես իրենց լավագույն ուսանողներից էի, եթե ոչ ամենալավը, որովհետև միշտ առաջադեմ եմ եղել, ու ինձ շատ են սիրել իմ դասախոսները (ժպտում է):

Մաեստրո, երաժշտությունը գե՞նն է, թե՞…

Հայրս (Հարություն Չեքիջյան) Կոմիտասի սաներից է եղել: Շատ երաժշտական մարդ էր. ջութակ էր նվագում, իսկ մայրս (Պերճուհի Չեքիջյան)՝ դաշնամուր: Դուետը անպակաս էր մեր տանից: Գիտե՞ք՝ երաժշտության մեջ երանգներ կան, որ նոտաների մեջ գրված չեն: Հնարավոր չէ դրանք գրել: Իմը Կոմիտասն է: Ինչպես արդեն ասացի՝ երբ փոքր էի մեր տանը հաճախակի էր Կոմիտաս հնչում: Մինչև հիմա հիշում եմ:

Ձեր ուսուցիչը մասնագիտության մեջ

Իմ ուսուցիչը համարում եմ Ժան Ֆուրնեին, ով եղել է Փարիզի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: Նա դասավանդել է ինձ՝ սովորեցնելով այս գործի այսպես ասած խոհանոցը: Հետաքրքիր սովորություն ուներ՝ թևերը ծալած կանգնում էր տրոմբոնների մոտ և համակ ուշադրությամբ նայում էր ու լսում: Մի օր, երբ չափ էի տալիս, մոտեցավ, ձեռքիցս վերցրեց փայտիկը և ասաց. «Նայի՛ր, այս ֆրազան այսպես ցույց տվեցիր՝ այսպես ստացար, այլ կերպ ցույց տայիր՝ այլ կերպ կստանայիր»: Այնպիսի բաներ եմ սովորել Ֆուրնեից, որ ոչ մի գրականության մեջ չես կարդա: Ստեղծագործությունը այնպիսի խորությամբ պիտի ուսումնասիրես, որ դրա համահեղինակը, մեկնաբանը դառնաս: Նոտաները կողք կողքի շարելն ու կարդալը միայն երաժշտություն չէ, պիտի իմանաս՝ դրա խորքը ինչ կա, պիտի հասկանաս՝ օրինակ կոմպոզիտորը, որ կենդանի չէ, ի՞նչ հոգեբանությամբ է գրել տվյալ ստեղծագործությունը, որ աշխատես՝ այդ նույն հոգեբանությունը տալ բեմում: Իսկ սա հասարակ բան չէ:

1961 թվականին տեղափոխվեցիք Հայաստաբ: Դժվար չէ՞ր Պոլսից հետո խորհրդային կարգերի հետ առերեսվելը

Շատ դժվար էր, որովհետև ամեն ինչ խորթ էր ինձ համար, ամեն ինչ քաղաքականացված էր: Ամենակարևոր հանգամանքն այն էր, որ իմ ծննդավայրից (Կ Պոլիս) ոչ ոք այստեղ չէր գալիս. երկաթե վարագույր կար, անգամ թռչունը չէր անցնի: Ես Մոսկվայի ճանապարհով եկա. Մոսկվան ինձ կանչեց: Այլապես հույսս կտրել էի, որ հայրենիք կտեսնեմ: Բայց նաև հեշտ չէր ռուսների հետ. լեզուն չգիտեի: Մոսկվան մռայլ էր, այսօրվա պես չէր: Բայց ինձ հրավիրել էին Մոսկվայի համար, այլ ոչ Երևանի: «Մոռացի՛ր Երևանը».- կտրուկ ասացին: Որքան էլ փորձեցին համոզել, մեկ է՝ չհամոզվեցի. հայրենիքն էր կանչում:

Մաեստրո, հաջողությունը բարեբախտությո՞ւն է, թե աշխատանք սեփական անձի նկատմամբ

Աշխատանքը մեծ նշանակություն ունի: Չաշխատելով ոչ մի բանի չես հասնի այս կյանքում: Մեծ աշխատանք ունեցա այս խմբի հետ: Հեշտ չէր այդքան խոշոր ռեպերտուարներ պատրաստելը, լեզուներ սովորելը: Բայց ինձ հաջողվեց մի բան՝ այս խմբի միջոցով կարողացա հայ ազգը ներկայացնել աշխարհին: 873 համերգ եմ ունեցել հայրենիքից դուրս, պատկերացնո՞մ եք: Աշխարհի հինգ լավագույն նվագախմբերից մեկը ճանաչված Եվգենի Մռավինսկու հռչակավոր նվագախմբի հետ 40 համերգ եմ տվել, որից 37-ը՝ Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ), 3-ը՝ Ռիգայում: Ահա, այսպիսի բարեբախտություն եմ ունեցել, բայց գիտե՞ք՝ հեշտ չէ, շատ աշխատանքի արդյունք է:

Երբևէ ունեցե՞լ եք ցանկություն թողնել ամեն ինչ և զբաղվել լրիվ այլ գործով: Եթե այո, ապա՝…

Այդպիսի պահեր եղել են, հա: Հայրս շատ երաժշտական մարդ էր, բայց չէր ուզում, որ ես երաժիշտ դառնամ: Նա բոլորովին ուրիշ բան էր առաջարկում: Հորս խոսքը ծանր էր, նրան մերժել երբեք չէր կարելի: Ուզում էր, որ ես քիմիկոս դառնամ: Դրա համար ինձ ուղարկեց Ֆրանսիա: Քանի որ ես հորս առաջարկությունը չէի կարող մերժել՝ այդ դիպլոմը ստացա: Դարձա քիմիկոս-ինժեներ կաշվեգործության գծով: Երաժշտության հետ ոչ մի կապ դա չուներ: Մինչ օրս երբեմն զղջում եմ, որ չգնացի այդ ուղիով, այլ նախընտերից բեմը… (մի քանի վայրկյան խորհեց) չնայած բեմը իմն է: Ճիշտ է դժվար էր, բայց ե՛ս պիտի անեի այս գործը:

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ դիրիժորին, ով կգա Ձեր հետքերով… կամ ի՞նչ չեք արել, որ կցանկանայիք Ձեր հետևից գալացողներն անեն

Իմ ուսանողներին միշտ սովորեցրել եմ, որ ինձ չկապկեն: Այսինքն, իմ ժեստերը նույնությամբ չփորձեն կրկնել, մեկ է՝ չի ստացվելու: Ես պատրաստում եմ երաժիշտ, ոչ թե չափ տվող: Ամեն երաժիշտ չէ, որ կարող է փայտիկը ձեռքն առնել: Սա էլ այլ հարց է: Միշտ ուզեցել եմ լավ օրինակ դառնալ իմ ուսանողների համար: Իմ ուսուցիչը՝ Ժան Ֆուրնեն ասում էր, որ դիրիժորի ձեռքերը վեցերորդական նշանակություն ունեն, պիտի աչքերով հասկացնել՝ ինչ ես ուզում: Խորհուրդս է չկրկնօրինակել, որովհետը դա կապիկություն կլինի: Իսկ կրկնօրինակը անարժեք է:

Կա՞ Հայաստանում այնպիսի մի վայր, որտեղ սիրում եք լինել, երբ ցանկանում եք մենակ մնալ

Ես երբեք չեմ ուզել մենակ մնալ: Երբ կինս մահացավ, հասկացա, որ մենակությունը դառը բան է: Հատկապես տղամարդը, որ մենակ պիտի ապրի, սոսկալի է: Այնպես որ՝ մենակություն չեմ սիրում.բան չէ:

Ձեր պարգևներն ու կոչումները մեծաթիվ են…ո՞րոն եք կարևորում ամենաշատը

Ամենաշատը, իհարկե, կարևորում եմ «Ազգային հերոս»-ի կոչումը: Որովհետև դրանից բարձր կոչում չկա մեր երկրում: Բայց ես Հայաստանից դուրս շատ կոչումներ եմ ստացել: Այժմ աշխարհում միակ հայ մարդն եմ, որը ունի «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ»-ի կոչում: Երկրորդը չկա: Թանկագինը ինձ համար, սակայն ԽՍՀՄ պետական մրցանակն է:

2017-ին արժանացաք հայ իրականության թերևս ամենաբարձր կոչմանը՝ Հայաստանի ազգային հերոս եք: Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում դրանից հետո

Ոչինչ չփոխվեց: Նույն կյանքն է: Չնայած՝ խոշոր պարգև է ինձ համար ու թանկագին զարդ:

Վերջին անգամ ե՞րբ եք եղել Պոլսում: Կարոտո՞ւմ եք Պոլիսը

Կարոտում եմ, հա, ծովային օդը հատկապես: Մոտավորապես չորս տարի առաջ եմ եղել Պոլսում: Բժիշկները իրավացիորեն նշում են՝ եթե մարդ ապրում է իր ծննդավայրից դուրս, պետք է առիթ փնտրի՝ հաճախակի վերադառնա: Իսկապես, ամեն անգամ, երբ ինքնաթիռից իջնում եմ ու շնչում եմ Պոլսի ծովային օդը, ինձ շատ լավ եմ զգում:

95-ամյա Հովհաննես Չեքիջյանը երազանք ունի՞

Ունեմ, իհարկե: Էնպես չէ, որ որպես հանգած հրաբուխ՝ վերջն եմ: Չէ, այդպես չէ: Հիմա տեսնո՞ւմ եք՝ Ձեր բոլոր հարցերին սիրով պատասխանում եմ: (ժպտում է)

Գիտե՞ք՝ ամբողջ աշխարհում արվեստի մարդիկ ամենաքիչն են վարձատրվում: Ես կուզենայի, որ շատ լիներ վարձատրությունը…կներեք անկեղծության համար: Իսկ ամենախոշոր հարստությունը առողջությունն է: Կուզենայի էսպիսի առողջությամբ շարունակել ևս մի քանի տարի… Ձեր աղոթքով, իհարկե:

Վերջում՝ Ձեր ուղերձը այսօրվա սերունդին՝ այդ թվում՝ ինձ

Անվհատ, առանց հոգնելու աշխատել հայրենիքի համար: Ես գիտեմ՝ ինչ է նշանակում հայրենիք չունենալ, հայրենիքից հեռու լինել: Ու ինչպիսի ապրումներով ու ցանկություններով եմ եկել Հայաստան: Իսկ այն մարդը, ով այստեղ է ծնվել, ցանկանում եմ, որ էս հողի ու էս ջրի արժեքն իմանա, աշխատի մի բան ավելացնել մեր երկրում: Եվ ընդհանրապես, որպես հայ մարդ՝ պիտանի լինի Հայաստանին, մեր ազգին:

2999