Արդեն մեկ ամսից ավելի՝ հայ ժողովուրդն ապրում է Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի պայմաններում, արդեն մեկ ամսից ավելի՝ Արցախում չեն դադարում կրակոցները, տագնապի ազդանշանները, արդեն մեկ ամսից ավելի՝ ամեն օր սարսափով սպասում ենք զոհված զինվորների ցուցակին։ Թշնամին չի խնայում ոչ ոքի և ոչինչ. բազում մարդկային կորուստներ, վիրավորներ, ավերված տներ, հրետակոծված դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցի, հիվանդանոց, ծննդատուն և, ի վերջո, սպանված մանուկներ: Պատճառված վնասներն արդեն անհաշվելի են: Թուրք-ադրբեջա-մոջահեդական տանդեմը մեկ անգամ ևս ապացուցում է աշխարհին, որ սեփական գիշատչային իղձերն ի կատար ածելու համար պատրաստ է անգամ մի ամբողջ ազգի էթնիկ բնաջնջման։

 

Իսկ ի՞նչ է անում այդ ընթացքում աշխարհը։

 

ՆԱՏՕ-ն մտահոգված է արցախյան հակամարտության էսկալացիայով և կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը: ԵՄ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, որը հանգեցնում է նորանոր զոհերի ու անդառնալի կորուստների: Բարձրագոչ վերնագրեր, խոր մտահոգություններ, իրականում՝ լիակատար անտարբերություն՝ հազարավոր մարդկային զոհերի ֆոնին։

 

Միևնույն ժամանակ, այդ չափազանց մտահոգ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ստոլտենբերգն անպատասխան է թողնում Թուրքիայի կողմից հակամարտության մեջ ներգրավված լինելու, հակամարտության գոտի վարձկան-ահաբեկիչներ տեղափոխելու, Ադրբեջանին զենք մատակարարելու հարցերը՝ դրանով պատերազմ վերսկսելու իրավունք վերապահելով ՆԱՏՕ-ի զրահաբաճկոնով Էրդողանին։ Ստոլտենբերգը, քանիցս շրջանցելով լրագրողի հարցերը, նշում էր, որ ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով չի զբաղվում։ Համաձայնեք, որ ՆԱՏՕ-ի անգործությունը Թուրքիայի ներգրավվածության պարագայում շատ հարցերի տեղիք է տալիս: Արդյո՞ք ՆԱՏՕ-ի լռությունը նշանակում է, որ վերջինս հավանություն է տվել Թուրքիայի ահաբեկչական գործողություններին, թե՞ պարզապես ՆԱՏՕ-ն արդեն գոյություն չունի: Չէ՞ որ ՆԱՏՕ-ի գլխավոր գործառույթներից մեկը հակամարտությունների կանխարգելմանը և կարգավորմանը նպաստելն է, առավել ևս՝ երբ խոսքը վերաբերում է հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ երկրի ներգրավվածությանը։

 

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ճիշտ է, վերջինս ՆԱՏՕ-ի անդամ չէ և ՆԱՏՕ-ի ներկայիս մոտեցումների պարագայում, հավանաբար, ցանկություն էլ չէր ունենա լինել, բայց միջազգային պայմանագրերի համաձայն, երկար տարիներ դրսևորել է իրեն որպես վստահելի գործընկեր՝ խաղաղապահներ ուղարկելով աշխարհի տարբեր երկրներ՝ ահաբեկչության դեմ պայքարելու։

 

Փաստորեն, ՆԱՏՕ-ի անդամ երկիրն այսօր նպաստում է աշխարհում ահաբեկչության աշխարհագրական սահմանների ընդարձակմանը, սանձազերծում է պատերազմ՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ արգելված կասետային զինատեսակների կիրառմամբ։ Եվ այս բոլոր հակամարդկային քայլերն արվում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող ահաբեկիչ Էրդողանի կողմից։ Նույնիսկ այս ամենին քաջատեղյակ լինելով հանդերձ՝ ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե չի միջամտում ղարաբաղյան հակամարտության հարցին։ Ինքնին հարց է առաջանում, թե ինչու․ չէ՞ որ այժմ արդեն միայն Արցախի ինքնորոշման հարցը չէ, այժմ խոսքը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մասին է։ Արդեն առկա է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռեալ վտանգ, առկա է իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից իրականացվում են ռազմական հանցագործություններ։ Արդյո՞ք ՆԱՏՕ-ն «բարոյապես մաշվել է», դարձել է անկարող ու անպիտան կառույց, իսկ վերջինիս պաշտոնյաները՝ միայն սեփական աշխատավարձի ու անձնական շահի մասին հոգացող անձինք, որ ի զորու չեն սանձահարել ահաբեկիչ-մարդասպանին։ Մի՞թե միջազգային հակաահաբեկչական պայքարն այլևս ՆԱՏՕ-ի առաքելություն չէ։ Անկախ նրանից, թե թվարկված տարբերակներից որն է համապատասխանում իրականությանը, եզրակացությունը մեկն է․ այսօր ՆԱՏՕ-ն փաստացի չի կատարում այն դերը, որը պետք է կատարեր՝ հաշվի առնելով ահաբեկիչ Թուրքիայի ներգրավվածությունը և վերջինիս արկածախնդիր ղեկավարի ակնհայտ նեոօսմանական նկրտումները։

 

ԵՄ-ն նույնպես մտահոգ է, սակայն, ինչպես և ՆԱՏՕ-ի պարագայում, այդ մտահոգությունները լոկ մտահոգություններ են մնում։ ԵՄ-ն ուներ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն, սակայն, ելնելով որոշակի տնտեսական շահերից, ԵՄ որոշ երկրներ դեռ դանդաղում են։ Ուստի մոտ ապագայում այս երկրների կողմից զուտ մտահոգություն արտահայտելուց զատ որևէ գործուն քայլի ձեռնարկումն իրատեսական չեմ համարում ։

 

Առանձին պատմություն է Իսրայելը, որը, չնայած վերապրած սեփական ցեղասպանությանը, իր անցյալն ու ամեն սրբություն մոռացած՝ առանց վարանելու զենք է վաճառում՝ մարդկության դեմ իրականացվող հանցանքներին մասնակից դառնալով։  

 

Իհարկե, չեմ կարող չանդրադառնալ այն երկրներին, որոնք, գիտակցելով այս պատմական պահի կարևորությունը, կանգնեցին Հայաստանի կողքին՝ իրենց աջակցությամբ ապացուցելով, որ հայ ժողովուրդն ունի նաև բարեկամներ։ Այդ երկրները հավերժ տեղ ունեն իմ և յուրաքանչյուր հայի սրտում։

 

Աշխարհը լուռ է և մտահոգ, մինչդեռ շարունակում են ընդհատվել բազում մարդկային կյանքեր, խեղվել ճակատագրեր, հայ ժողովուրդը կանգնած է ոչնչացման սպառնալիքի առաջ։ Աշխարհը լուռ էր նաև 105 տարի առաջ, երբ մեկ ու կես միլիոն հայ էր կոտորվում, մի ամբողջ ազգ տեղահան էր արվում։ Ասում ենք, որ 105 տարի առաջ աշխարհը չգիտեր, բայց, տեսնելով այսօրվա իրականությունը, տեսնելով այսօրվա լռությունը, ակամայից համոզվում ես, որ 105 տարի առաջ էլ գիտեին, սակայն ոչինչ չարեցին, քանզի, ինչպես և հիմա, շահ ունեին․ այսօր գիտեն ու էլի աչք են փակում, խուսափում են պատասխաններից, այսօր էլ շահ ունեն։ Սպասում են, որ մի ամբողջ ազգ բնաջնջեն ու հետո իրենք խոր ցավակցություն հայտնեն, արցունքն աչքերին խոսեն թուրք-ադրբեջա-մոջահեդական ահաբեկիչ-վարձկանների վայրագությունների մասին։

 

Աշխարհն այսօր այլևս ուրիշ արժեքներով է ապրում, ուրիշ արժեքներ է գնահատում։ Այսօրվա աշխարհին անհրաժեշտ չեն Խաչատրյաններ, անհրաժեշտ չեն Կոմիտասներ ու Ազնավուրներ, Սարոյաններ ու Այվազովսկիներ։

 

Հակամարտության թեման, անշուշտ, մեծ արձագանք ու աջակցություն կստանար ողջ աշխարհում, եթե գոնե փոքրիշատե առնչվեր, օրինակ, հրմշտոցի հետևանքով ինչ-որ մի միասեռականի աչքի տակ կապտուկի հայտնվելուն։ Պատկերացնու՞մ եք, ինչ վայնասուն կբարձրանար։ Նման իրավիճակում ԵՄ-ը, հաստատ, շատ արագ կարձագանքեր պատժամիջոցների տեսքով։ Մինչդեռ այս դեպքում խոսքը պարզապես աշխարհի առաջին քրիստոնյա ազգի մասին է, որը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, կրկին, որովհետև ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն շատերդ թուրք ասկյարին ձեզ ընկեր դարձրիք, թև ու թիկունք դարձաք նրան։ Համոզված եմ, որ կգա օրը, և ձեր իսկ աճեցրած գազանը կթակի նաև ձեր դուռը։ Այնժամ ձեր մաշկի վրա կզգաք այսօրվա ձեր կործանարար քաղաքականության ողջ հետևանքը։

 

Ուստի այսօր, իմ հա՛յ ժողովուրդ, դու՛ ես քո միակ հույսը, ու մի՛ ապավինիր որևէ մեկի օգնությանը։ Դու պիտի՛ լինես մի բռունցք՝ ամրակուռ ու անկոտրում, միասնական՝ ինչպես երբևէ։ Ու դու պիտի՛ հաղթես, անկասկա՛ծ պիտի հաղթես, քանզի չկա քեզ համար որևէ այլ տարբերակ։ Հայ ժողովուրդը միշտ էլ համախմբվել է դժվար պահերին, գուցե ոչ շատ արագ, բայց միշտ էլ, ի վերջո, կարողացել է հաղթահարել բոլոր փորձություններն ու հաղթանակած է դուրս եկել նույնիսկ ամենից անհավանական թվացող իրավիճակներից։

 

Հ․Գ․ Վստահ եմ, որ կգա օրը ու մարդակեր գազանն իր արժանի պատիժը կստանա՝  մարդկության հանդեպ գործած հանցանքների համար։ Պարո՛ն Էրդողան, Հաագան անհամբեր սպասում է քեզ։

 

Սարիբեկ Սուքիասյան 

«ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նախագահ

1911