ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրություններին ու հայաթափված, օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քվեարկությանը։

«Այսօր Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևն իր քվեարկությունը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար»,- գրել է Մարուքյանը  «X»-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է՝ ուշագրավ է, որ Ալիևը նախ չհրահրված պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, իսկ հետո՝ էթնիկ զտում իրականացրել այն մարդկանց շրջանում, որոնց նա անվանում է Ադրբեջանի քաղաքացիներ։

«Այժմ նա գնացել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ, որտեղ ընտրություններին մասնակցելու մարդ չկա, և ընտրություններին մասնակցել է ընտանիքի հետ»,- գրել է Մարուքյանը՝ նշելով, որ միջազգային հանրությունը նախ լուռ հետևում էր խաղաղ ժողովրդի դեմ չհրահրված հարձակմանը, ապա՝ ավելի քան 100,000 մարդու էթնիկ զտմանը, իսկ հիմա՝ Ադրբեջանի պահանջով սկսել է Ստեփանակերտ քաղաքն անվանել «Խանքենդի»։

«Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։ Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ նրանք հիմա էլ պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունը էթնիկ զտման ենթարկված քաղաքում՝ չսպառնալով անգամ միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,- ընդգծել է դեսպանը:

3680