Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ (Կողմ՝ 63, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 1) ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի, Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում և մի շարք օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հիշեցնենք, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2017 թվականին։ «Սա առաջին նախագիծն է, որը ծավալուն և հիմնավոր կերպով անդրադառնում է օրենքի կիրարկումից հետո առաջ եկած խնդիրներին և բացերին։ Փաթեթը քննարկվել է ոլորտի պատասխանատուների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ և հույս ունենք, որ դրա ընդունմամբ կբարձրանա ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը»,- նշել է Զարուհի Բաթոյանը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է մասնավորապես՝

• հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով,

• օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել երեխային, ով ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր),

• վերանայել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետները,

• ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը,

• առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով,

• սահմանել բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար,

• վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, մասնավորապես՝ ներառել սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված լինելու փաստը,

• վերանայել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող քննության և ծանուցման ժամկետները և պայմանները,

• սահմանել ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում (նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի փոխարեն սահմանել երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկ),

• նոր կարգավորում նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքում՝ հետամտման համար:

260