Նախագահի այցը անցավ շատ ջերմ մթնոլորտում, և հունգարական կողմը այդ ամենը կազմակերպել էր ամենաբարձր մակարդակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մամուլի ասուլիսի ժամանակ Հունգարիայի նախագահին հրավիրեց Հայաստան, և հունգարական կողմից այդ հրավերն ընդունվեց։
Կարծում եմ, որ այս տարի ականատես կլինենք նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցին Հունգարիա։ Բացի այդ, Հունգարիայի խորհրդարանում հանդիպման ժամանակ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահը Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հրավիրեց Հունգարիա։
Այս բարձր երկկողմ մակարդակի այցերը անպայման իրենց դերը և նշանակությունը կունենան երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում»,- ասել է Սմբատյանը։