
Մի ահավոր բան էր, կարծես ատոմական ռումբ լիներ: Պայթյունը տեղի ունեցավ երեկ` ժամը հինգի մոտակայքում, երբ նոր էի վերադարձել սեղանի թենիսի պարապմունքից: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութում բնակվող, միջազգային լրագրող, մեր հայրենակից Համո Մոսկոֆյանը:
«Տունս գտնվում է Բեյրութի նավահանգստից 300 մետր հեռավորության վրա: Նախ հրդեհ սկսվեց, ապա լսվեց իսրայելական ռազմական ինքնաթիռների ձայն, հետո առաջին պայթյունը, որին հաջորդեց մի ահավոր, ավելի մեծ պայթյուն,- պատմում է մեր գործընկեր Համո Մոսկոֆյանը, ապա շարունակում,- մեր շենքի պատուհաններն ու մուտքի դռները թռան տեղից: Պայթյունի հետևանքով ես հայտնվեցի հագուստի պահարանի տակ` ամբողջովին արյունլվա»:
Մեր հայրենակիցը նաև նշեց, որ բարեկարգ ու գեղեցիկ Մար Միքայել թաղամասը, որը հիմնականում բնակեցված է հայերով ու այլ քրիստոնյաներով, մի քանի րոպեների ընթացքում վերածվեց ավերակների: «Ամբողջ փողոցը լիքն էր վիրավորներով ու մահացածներով: Հայերի մեծ մասը, նաև` ես, զրկվեցինք 25 տարի արդար քրտինքով ստեղծած տանիքից,- ասում է Մոսկոֆյանը, ապա որպես մխիթարություն՝ ընդգծում,- թեև վիրավորվել եմ, բայց ողջ եմ մնացել»:
Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում բեյրութաբնակ Համո Մոսկոֆյանը նաև պատմեց, որ վիրավորներին, նաև իրեն առաջին բուժօգնություն է ցուցաբերել Լիբանանի Կարմիր խաչը: «Առաջին բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո ընկերոջս հետ գնացի «Ալ Արզ» հիվանդանոց` ձախ ձեռքիս վերքերը կարելու և արյունահոսությունը դադարեցնելու»,- իրավիճակն այսպես ներկայացրեց մեր հայրենակիցը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում երեկ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է 2750 մարդ:
Նշենք, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Լիբանանի «Ալ-Քաթաիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, վնասվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, ինչպես նաև պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն օգոստոսի 5-ը համազգային սգո օր է հայտարարել երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ ցավակցական գրառում է կատարել պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին, իսկ արդեն այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից զոհհածների հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին:
Հայկ Մագոյան