Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան- Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Հակոբ Մ․-ի վարած «BMW» մակնիշի, 38-ամյա Լևոն Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 48-ամյա Տիգրան Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Հակոբ Մ․-ն կորցնելով ավտոմեքենայի կառավարումը դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել երկաթբետոնե սյանը, ապա առաջ ընթացել կոտրել «CPS»  բենզալցակայանի առջև տեղադրված ծաղկամաններից և կողաշրջված վիճակում բախվել բենզալցակայանի վահանակին և լցակայանի կետին։

Վթարի հետևանքով Հակոբ Մ․-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 32-ամյա Ս․ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 12-ամյա Մ․ Մ․-ն, 7-ամյա Ա․ Մ․-ն և 9-ամյա Ա․ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին  առաջինը օգնության են հասել «CPS» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր մինչ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատի և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ժամանումը վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա հրշեջ փրկարարները հոսանքազրկել են կողաշրջված «BMW»-ն, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, իսկ վիրավորները «BMW»-ի վարորդի կինն ու երեխաներն են։ 

Shamshyan.com

544