ԼՂ կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են ՀՀ կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր, որոնց կազմում ներառված են ՀՀ ֆինանսական կազմակերպությունների առջև ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին որոշման նախագիծը:

 «Խոսքը, մասնավորապես, շուրջ 6000 քաղաքացու մոտ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է:  Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնելու՝ հապահովումն այդ պարտավորությունների գրավադրված ոսկե իրերը»,- ասաց նա և նշեց, որ  ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7800 հատ ոսկյա իր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է բացառապես ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին: «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ԼՂ-ից  բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները հնարավորինս լավ պայմաններում հայտնվեն, մենք այս որոշումը կայացրել ենք»,- ասաց նա:

336