Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար։

 

«Դատարանի վճռով հաստատված է համարվել, որ Սամվել Մայրապետյանը և Գ. Հակոբջանյանը չեն ներառել «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում և այդկերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ (ավելի քան 4 միլիարդ դրամ):

 

Մասնավորապես, Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006 թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Կառուցումից անմիջապես հետո Սամվել Մայրապետյանը 2006 թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում` շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը:

 

Այսպես, կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում՝

 

բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66 հազար դրամ` 770 հազար դրամի փոխարեն,

 

ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75 հազար դրամ` 160 հազար դրամի փոխարեն,

 

ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61 հազար դրամ` 875 հազար դրամի փոխարեն:

 

Հավելենք, որ սա Հակակոռուպցիոն դատարանում պետական շահերի պաշտպանության գործով առաջին վճիռն է, որով նման մեծ գումար է փոխանցվելու պետական բյուջե։

 

Հիշեցնենք, որ վճիռը մեկամսյա ժամկետում չբողոքարկելու դեպքում կստանա օրինական ուժ։

 

Վճիռը՝ ստորև»,- նշված է հաղորդագրության մեջ:

477