Արդեն մեկ ամսից ավելի է, որ Կոտայքի Նոր Գեղի համայնքի բնակիչ Նինա Մանուկյանը ոռոգման ջուր չունի: Բարեխիղճ վճարելով ոռոգման ջրի  գումարը՝ բնակիչն այդպես էլ չի ջուր չի ստացել: 

Նինա Մանուկյանի տեղեկացմամբ՝ մոտավորապես 2 ամիս առաջ դիմել է  համայնքի ղեկավարի տեղակալին՝ Տարոն Բարսեղյանին, որը  նրան տվել է  ջրի պատասխանատուի հեռախոսահամարը: «Դրանից հետո երկու օր ջուր եղել է, իսկ հետո՝ ոչ: Ասեմ՝ ամբողջ համայնքն ապահովված է  ջրով, բացի ինձանից: Ավելին՝ անգամ ջրի կորուստ կա  այդ հատվածում, իսկ ես ջուր չունեմ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը Araratnews.am-ի թղթակցին: 

Ոռոգման ջուր չունենալու պատճառով Նինա Մանուկյանի այգին, 20-30 տնտեսություն տուժում են, այգիները` չորանում: «Մեր տնտեսությունները սնվում էին ջրատար խողովակներից, սակայն այս պահի դրությամբ խողովակաշարը փակված է երկաթե ձողերով: Համայնքի ղեկավարի տեղակալն ասում է՝ ջրբաշը չի տալիս ջուրը:  Ջրբաշն էլ մեղադրում է տեղակալին: Անգամ Եղվարդի ջրօգտագործման ղեկավար Օսիպյանի հետ եմ խոսել: Ասում են՝ սպասեք, կաջակցենք, կմոտենանք ու այսպիսի պատճառաբանություններ: Չեմ հասկանում՝ ինչ  է ուզածները»,- վրդովված ասաց բնակիչը:

Նինա Մանուկյանը պատկան մարմիններին ասել է՝ կդիմի վերադասներին, եթե իր խնդիրը չլուծեն: Նրան համայնքի ղեկավարի տեղակալն ասել է՝ ում ուզում ես դիմի:  Մեր զրուցակիցը նույնիսկ զանգահարել է Կոտայքի մարզպետարանի թեժ գծին, սակայն նրան ասել են՝ խնդիրը պետք է համայնքապետարանն ու ջրի պատասխանատուները լուծեն:

Տիկին Մանուկյանը ցանկանում է պտուղ-բանջարեղենի արտադրությամբ զբաղվել, շենացնել իր հայրենիքը, աջակցել իր բնակավայրի զարգացմանը, սակայն առանց ոռոգման ջրի՝ դա հնարավոր չէ: 

Պարզաբանում լսելու համար զանգահարեցինք նաև Նոր Գեղի համայնքի ղեկավարի տեղակալ Տարոն Բարսեղյանին: Նա նախ ասաց, որ բնակիչը ջրի խնդրի համար իրեն դիմել է մի քանի օր առաջ, բացի այդ՝ խոսքը ոչ թե 2, այլ մեկ ամսի մասին է: «Բնակիչն ինձ հետ խոսել է վերջնագրով: Ասել է՝ «եթե դուք ինձ ջուր չտաք, տեսեք՝ ձեզ ինչ եմ անելու»: Դա ճիշտ  խոսելու ձեւ չէ: 10 րոպե խոսելուց հետո հասկացա՝ վերջնագրերով խոսելը բնակչի մոտ բնավորություն է, անջատեցի հեռախոսը:   Մի քանի րոպե հետո ես եմ զանգահարում նրան, բացատրում  իրավիճակը: Ես գիտեմ՝ Նոր Գեղիի Բանավանի թաղամասի 2-3 փողոցում խնդիր կա, բայց այդ բնակիչը մեկ ամիս ջուր չունի, տեղյակ չէի»,- ասաց պարոն Բարսեղյանը:

Համայնքի ղեկավարի տեղակալը հասկանում է բնակչի բողոքը, թեեւ հիշեցնում է՝  պտղատու այգին ջրում են 16-17 օրը մեկ: «Ես չեմ ասում՝ լավ է, որ Բանավանի 2-3 փողոցում ջուր չունի, ավելի ճիշտ՝ ջրի սակավություն կա, բայց այս պահի դրությամբ  ասել՝ կատաստրոֆիկ է վիճակը, այդպես չէ»,- կարծում է Տարոն Բարսեղյանը: 

Ինչպե՞ս է լինում, որ Բանավանում այլ բնակիչներ, նաև համայնքի ղեկավարի տեղակալն ունեն ոռոգման ջուր, իսկ մեզ դիմած քաղաքացին՝ ոչ,  համայնքի ղեկավարը դժվարացավ հստակ պատասխանել: Պատճառներից մեկը գուցե   խափանված փականը լինի: 

Ինչ վերաբերում է իր ջուր ունենալուն, Տարոն Բարսեղյանն ասաց՝ իր տունը ջրագծին մոտ է, այդ պատճառով  ինքը ջրի խնդիր չունի: 

Մյուս պատճառն այն է, որ տարիներ շարունակ Նոր Գեղին ջուր է ստացել Լուսակերտ համայնքից, սակայն այս տարի այդ ջուրը չի գալիս, չգիտեն՝ ինչու: 

Համայնքի ղեկավարի տեղակալի  խոսքով՝  ջրի չգալը չէին կարող իմանալ, որ նախօրոք  լուծեին այն: Միակ լուծումը, ըստ պատասխանատուի, նոր ջրագիծն կառուցելն է: Այն արժե մոտավորապես 15 մլն դրամ: Դա պետք է բյուջեով նախատեսվեր, բայց քանի որ 7 ծրագիր հաստատվել է, գումարներն էլ դրանց համար են ծախսվելու, պետք է այլ միջոցներ փնտրել ջրագծի կառուցման համար: «Ես խոստացել եմ՝ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրում Բանավան թաղամասի ջրագծի կառուցումը կլինի: Բայց մինչ այդ կփորձենք լուծում գտնել, հնարավոր է նաև դիմենք բնակիչներին: Նույնիսկ փորձել եք այլ տեղից ապամոնտաժած  խողովակ դնել, բայց հետո հասկացանք՝ միլիոններ ենք ծախսելու, սակայն 1-2 տարի հետո նորից խնդիր կառաջանար, քանի որ ապամոնտաժված խողովակաշարի մյուս մասն անպիտան էր: Այս ամենը բնակչին հանգամանալից բացատրել եմ, ասել եմ՝ ինչ պետք է արվի: Հիմա այսքանից հետո ձեզ ինչո՞ւ է դիմել: Դո՞ւք եք գալու սարքեք: Եթե այսքանից հետո բնակիչը կարծում է՝ համայնքը փակել է ականջները իր խնդրի հանդեպ,  դա իր խնդիրն է»,- ասաց Նոր Գեղիի համայնքապետի տեղակալը: 

Հակադարձեցինք՝ բնակիչը, մյուս սեփականատերերը մտահոգվում են իրենց պտղատու այգիների համար, որոնք մեկ ամսից ավելի չեն ոռոգվել: 

Մինչեւ նոր ջրագծի կառուցումը Նոր Գեղի համայնքի տեղակալն ասել է բնակչին խափանված փականը նորով փոխարինել որպես ժամանակավոր լուծում, սակայն վստահ չէ՝ դրանից հետո խնդիրը կլուծվի: Եթե դրանից հետո էլ ջուր չլինի, այլ բան պետք է մտածել: 

Մի  փաստ էլ  ասաց համայնքապետի տեղակալը: Այն փողոցում, որտեղ ապրում է Նինա Մանուկյանը, նորակառույց է, մոտավորապես` 10-15 տարվա: Երբ ջրի խողովակներ էին քաշում շատ տարիներ առաջ, ըստ պաշտոնյայի, չէին նախատեսել, որ այդ փողոցներում մարդիկ պիտի  ապրեն, այգիներ պիտի լինեն:

Ի դեպ,  Լուսակերտից եկող ջրի խողովակաշարի մի մասը  անցնում է սեփական տների տարածքով: «Չի բացառվում՝ մեկը «սվարկա» է արել, ու ջուրը չի հասնում բնակչին: Մենք կարո՞ղ ենք դա գտնել, ո՛չ, քանի որ դա սեփական տարածք է, որտեղ տեխնիկա չի կարող մտնել»,- ենթադրեց  պարոն Բարսեղյանը: 

Իսկ թե ինչու է  ոռոգման ջրագիծը  սեփական տներով անցնում, Բարսեղյանը հորդորեց դիմել նախկին իշխանավորներին: 

Ինչ վերաբերում է «ում ուզում եք դիմեք» արտահայտությանը, Տարոն Բարսեղյանը պարզաբանեց՝ նկատի է ունեցել այն, որ յուրաքանչյուրն ազատ է բողոքելու, իր կարծիքն արտահայտելու: 

Հ.Գ. Հոդվածը գրելիս Նինա Մանուկյանը մեզ ուղարկեց նաև տեսանյութ, թե ինչպես է ջուրը հորդում տան փողոցի մոտակայքում, բայց այդպես էլ իրենց չի հասնում: Ինչ վերաբերում է խափանված փականին, տիկին Մանուկյանն այլ բան ասաց` փականը բացելիս իրենք ջուր ստանում են, իսկ ըստ լուսանկարների` այն հիմա փակ է: Եւս մեկ հարց` եթե խափանված է փականը, ինչո՞ւ է այն երկաթե շղթաներով ամրացված: 

Սոնա Դավթյան

1812