Վրաստանի խորհրդարանը սկսել է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը նախորդ տարի բերվել էր խորհրդարան, ապա քաղաքացիների բարձրացրած բողոքի մեծ ալիքի պատճառով հետ կանչվել։  Հիշեցնենք, որ այդ երկրի օրենսդիր մարմնի մոտ երեկվանից բողոքի ցույցեր են ընթանում, որի մասնակիցները դեմ են դրա ընդունմանը, համարելով, որ այն ռուսական նախագիծ է ընդդեմ Վրաստանի եվրաինտեգրման։

Արևմուտքում ևս համարում են, որ օրենքը ռուսական օրինակին է նման, և վստահաբար դա կազդի Վրաստան-ԵՄ մերձեցմանը ու ավելի կբարդացնի Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ 

Վրացագետ Ջոնի Մելիքյանը Araratnews.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տեղի ունեցող գործընթացները ներքաղաքական պայքարի մաս են, որը բարդացրել է Վրաստանի իշխանությունների արտաքին գործընկեր երկրների հետ հարաբերությունները, քանի որ կա ճնշում կամ առնվազն քննադատություն արևմտյան երկրների կողմից։

«Իմ կարծիքով, այստեղ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հասկանում են, որ սա շանս է․ մի կողմից՝ տապալելով օրենքը՝ ընդդիմությունը մտածում է, որ ընտրությունների վրա բավականին լուրջ ազդեցություն կլինի, իսկ իշխանությունների մոտիվացիան այն է, որ դա ընդունելով իրենց քննադատողներին իրենք կարող են այսպիսի գործիքներով սահմանափակեն, որովհետև այն ուժերը, որոնք քննադատում են իշխանություններին՝ իրենք այդ օրենքի տակ են մտնելու, քանի որ լուրջ ֆինանսական աջակցություն ունեն արտասահմանից և երբ իրենք քննադատեն իշխանություններին՝ իշխանությունները միշտ կկարողանան հակազդել՝ հիշեցնելով, որ այդ կառույցները օտարերկրյա ազդեցության տակ են գտնվում, և նաև Արևմուտքի հետ հարաբերություններում ինչ-որ չափով իշխանությունները փորձելու են  ցույց տալ, որ դեմ են այդ իրենց կարծիքով ապակառուցողական հասարակական սեկտորի ներկայացուցիչները ֆինանսավորվեն արտասահմանից»։

Հարցին՝ հնարավո՞ր է արևմտյան երկրներից ճնշումներ լինեն վրացական իշխանությունների նկատմամբ, քանի որ Վրաստանն արդեն ԵՄ անդամության թեկնածու երկիր է, Մելիքյանը պատասխանեց․ «Տարբեր մակարդակի ճնշումներ հնարավոր են, բայց կտրուկ քայլեր ես չեմ սպասում, եթե, օրինակ, թեկնածության այդ կարգավիճակից զրկեն՝ դրա բացասական ազդեցությունը ավելի շատ կլինի, ուստի այս պարագայում Բրյուսելը պետք է լուրջ կշռադատի բոլոր քայլերը, որ հենց իրենց շահերին դեմ չլինի, հիմա այս պարագայում Վրաստանի ներքաղաքական կյանքի մի մաս դանալու փոխարեն իրենք կարող են քննադատելով որոշ չափով լիմիտներ սահմանել և էլ ավելի չխորանալ Վրաստանի ներքաղաքական գործընթացների մեջ։  Ի վերջո, արդեն այսօր՝ վարչապետ Կոբախիձեն նաև  դրա մասին էր ակնարկում, որոշ դեսպաններ նույնիսկ իրենց  թույլ են տալիս ներքաղաքական պրոցեսների վերաբերյալ հայտարարություններ անել, ինչը դիվանագիտական էթիկայից դուրս է, ուստի այս պարագայում նաև Արևմուտքն է սահմանափակված որոշ քայլերում և արդեն այստեղ որոշիչը կլինի կրիտիկական մասսայի հավաքել կամ չհավաքելը ընդդիմության կողմից, եթե նախորդ տարվա նման կարողանան կրիտիկական զանգվածներ փողոց դուրս բերել՝ գուցե իշխանությունները մտափոխվեն, եթե ոչ՝ իշխանությունները ընտրություններից առաջ այս օրենքը կընդունեն»։

Վրացագետն անդրադառնալով մտահոգություններին, որ Վրաստան-ԵՄ հարաբերությունների վատթարացումը կարող է ազդել  նաև Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների վրա, ասաց․ «Չէի կապի այս օրենքի հետ կապված պրոցեսները․ օրենքը ազդում է Վրաստան-ԵՄ հարաբերությունների վրա, իսկ Հայաստանն ունի իր օրակարգը ԵՄ-ի հետ, Վրաստանը՝ իր․ այո՛, կարելի է ասել, որ ինչ-որ չափով այսօր Բրյուսելը նայում է այս տարածաշրջանին ավելի ընդլայնված, ոչ միայն Վրաստանը, այլ նաև առնվազն Հայաստանը ներառյալ և ինչու ոչ Ադրբեջանն էլ է դիտարկվում, բայց պետք ֆիքսենք, որ երեք տարածաշրջանային երկրներից առնվազն երկուսն ունեն ավելի խորացված օրակարգ ԵՄ-ի հետ։ Այս պարագայում, այո՛, մեզ համար դրական կլիներ, որ Վրաստանը իր խորացված համագործակցությունը պահպանի Արևմուտքի հետ ու այսօր չէի ասի, որ դա լուրջ վտանգի տակ է գտնվում։ Այո, խնդիրներ կան, բայց նաև Բրյուսելի կողմից Վրաստանի ինտեգրման թեկնածության հետ կապված որոշումը աշխարհաքաղաքական էր և այսօր, իմ կարծիքով, նույն այդ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ ստիվպված կլինեն չափից ավելի չճնշել Վրաստանին, քանի որ Արևմուտք-ՌԴ բախման ֆոնին Վրաստանը ի վերջո իրենց համար կարևոր է և նման կորուստը լուրջ խնդիր կառաջացնի իրենց համար ու նաև այս պարագայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, քանի որ մենք ի վերջո Վրաստանով ենք միանում Եվրոպային»։

 

Գեղամ Ադյան

 

 

 

 

577