«Տեսալսողական մեդիայի մասին» և «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու րենքների փաթեթները  նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է: Դրանք նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020 թվականի հուլիսի 20-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները, քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովի, տվյալ ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց հետ, և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:


«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է՝ ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներով նախատեսված փոփոխություններն ի թիվս այլ հարցերի կարգավորում են նաև ընդերք-օգտագործման ոլորտում պոչամբարների անվտանգ կառուցման, ջրերի ռացիոնալ և շրջանառու համակարգերի ներդրման կիրառման օրենսդրական հիմքերը, որոնք նվազեցնում են շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը նոր նախաձեռնությունների դեպքում:
 

Օրենքների լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրանց անցումային դրույթներով նախատեսված միջոցառումներն (համապատասխան միջկառավարական պայմանագրերի կնքում, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում) իրականացնել նախանշված ժամկետներում՝ ինչը բխում է և՜ գործարար միջավայրի, և՜ պետական, և՜ կառավարության կողմից վարվող քաղաքականության շահերից:


Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնց համաձայն տնտեսվարողները շահագրգռված կլինեն կամավորական սկզբունքով հետևել առաջարկվող կարգավորումներին:
 

Ըստ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և վերլուծությունների՝ Օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն»,-նշված է հայտարարարությունում:

690