ՀՀ արտաքին գործերի նախարարությունից այսօր հայտնել են, որ ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ հստակեցվում է։


Քաղաքագետ Հակոբ Բադալյանը Araratnews-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչով է փոխկապակցված Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի Կենտրոնական Ասիա կատարած շրջագայությունը Ղազախստանի նախագահի Հայաստան այցի և դրանից հետո միջնորդական դեր ստանձնելու պատրաստակամության հետ, որի մասին քաղաքագետը օրեր առաջ կարծիք էր հայտնել, ասաց․ «Մեծ Բրիտանիան դեռևս նախորդ տարի հայտարարել է, որ իր համար ռազմավարական առաջնահերթություն է Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան միջին միջանցքի ձևավորումը։ Այդ մասին հայտարարել էր եվրոպական հարցերով նախարար Դոգերթին, որը ռեգիոնալ այց էր կատարել Հայաստան ու Ադրբեջան։ Բրիտանիան փորձում է Ռուսաստանի և Իրանի ազդեցության գոտիներում ձևավորել իր առանցքը, ազդեցությունը, այդ կերպ հակազդելով իր աշխարհաքաղաքական մրցակիցներին և Կենտրոնական Ասիայի ավազանով ու Կովկասով առանցքային գոտի է այդ տեսանկյունից։ Հասկանալի է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները թիրախային ուղղություններից մեկն է։ Տարբեր փոխհամաձայնություններից մի բանի վրա ուշադրություն դարձնենք՝ նախօրեին, թե երկու օր առաջ բրիտականան մի ոչ կառավարական կազմակերպություն Թուրքմենիայի հետ համաձայնագիր ստորագրեց Կասպիցի էկոլոգիական խնդիրներում համագործակցելու շուրջ․ սա այս ընդհանուր ռազմավարության մաս է և ինչպես նշեցի՝ տեսնում ենք Ղազախստանի ակտիվությունը․ ես հակված եմ մտածելու, որ սա պետք է դիտարկել բրիտանական համատեքստում։ Ղազախստանն իր հերթին, բնական է, փորձում է խաղալ տարբեր աշխարհաղաքական կենտրոնների միջև»։


Հարցին, թե տնտեսական կամ քաղաքական առումով ինչ կտա գործընթացը Հայաստանին, Բադալյանը պատասխանեց․ «ԵԱՏՄ-ն քանի դեռ կա՝ մտածել, որ ինչ-որ առանձնապես այլ կարիքներ կան․ առավել եւս, որ մեծ հարց է առաջանում, թե ինչ սերտ հետաքրքրություններ կարող են լինել Հայաստանի եւ Ղազախստանի միջև․ արդեն նշեցի՝ բացի ճանապարհային այդ համատեքստը, որտեղ Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը իհարկե շղթայի վրա եղած դերակատարներ են, բայց գլխավոր շահառուները դրանք աշխարհաքաղական կենտրոններն են։ Եթե գնահատենք մոտեցումների դիտարկման տեսանկյունից՝ պետք է, որ այդքան էլ ցանկալի չլինի, օրինակ, ֆրանսիական ռազմավարության տեսանկյունից, որովհետև Ֆրանսիայի առանցքային խնդիրներից մեկն է ոչ միայն մրցակցությունը Բրիտանիայի հետ առնվազն եվրոպական աշխարհամասի առաջնորդության համար, այլ նաև Թուրքիայի հետ․ եւ այստեղ Ֆրանսիան շահագրգռություն ունի, որ այդ կոմունիկացիաները ձևավորվեն այնպես, որ դրանք հնարավորինս քիչ կախված լինեն Ադրբեջանից և Թուրքիայից․ այսինքն այս բավական բարդ խնդիրները կան և այդ առումով ես ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ, օրինակ, Հայաստան-Ադրբեջան համաձայնությունը կայացվեց Տավուշի երկու հատվածների վերաբերյալ ու առ այսօր դրա հանդեպ որևէ գնահատական չի տվել Ֆրանսիան։ Ոչ միայն ողջույնի մասին խոսք չի եղել՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, այլև ընդհանրապես գնահատական չի տվել դրան, և ես կարծում եմ ապրիլի 19-ի հայտարարությունն էլ շատ հնարավոր է Ղազախստանի նախագահի այցի ընթացքում կոմունիկացված ինչ-որ բան էր, որովհետև հիշեցնենք, որ նա մեկ ամիս առաջ Բաքվում էր և եկավ Երևան ու այդ ընթացքում նաև այդ երկրի արտգործնախարարը եկավ ՀՀ»։

Անդրադառնալով Ալիևի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ արված հայտարարությանը, որում նա նշել է, որ եթե ՀՀ-ում դեմ են ՌԴ սահմանապահ ծառայությունը՝ թող բաց ասեն, քաղաքագետը նշեց․ «Ես շատ վաղուց այդ կարծիքին եմ, որ ռուսների ներկայությամբ ճանապարհը ամենևին չի ոգևորում Բաքվին էլ, Անկարային էլ և էլ չեմ ասում Արևմուտքին ու նույն Բրիտանիային․ հասկանալի է՝ նրանց խնդիրը ռուսների ազդեցությունը թուլացնելն է և ոչ թե այդ ազդեցությունը ամրագրելը, բայց դա կարող են օգտակար համարել, եթե Երևանի ձեռքով տեղի ունենա դա․ այստեղ այդ թեման Ալիևը փորձում է խաղարկել թե՛ Հայաստանի ներքին տրամադրությունների վրա ազդեցության, թե՛ աշխարհաքաղաքական իմաստով խաղարկել բոլոր կենտրոնների հետ՝ նույն ռուսների հետ, Արևմուտքի հետ առանձին-առանձին իմաստով»։

Բադալյանի խոսքով՝ տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի խնդիրը անվտանգությունն է, երկրորդը՝ սուվերենության առավելագույն աստիճանի պահպանությունը․ «Այստեղ էլ մենք՝ որպես հասարակություն, ընդհանրապես քաղաքական մտածողության առումով՝ մենք շփոթվածություն ունենք ձևի, բովանդակության և մեխանիզմների հարցերում։ Մենք ավելի շատ քարոզչական նարատիվների տակ ենք գտնվում, որոնք առերևույթ մի կերպ են հնչում, խորքում դրանք կարող են լիովին այլ տրամաբանություն ունենալ»։

Գեղամ Ադյան

2122