Պարոն Գալստանյան, տիկնայք և պարոնայք 40 «քաղաքական ուժեր», ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա, դրանք ազատ և արդար ընտրություններն են և ձեզ այլ բան չի մնում անել, քան պատրաստվել 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին, եթե իհարկե, ինչպես արդարացիորեն նշել էիք, այդքան «հավես» ունեք:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ալի Բաբան և 40 քաղաքական ուժերը…

Պարզվում է այսօր 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ։

Պատկերացնու՞մ եք մի ամբողջ 40 քաղաքական ուժեր։ Իսկ ի վերջո քաղաքական ուժեր, թե՞ այնուամենայնիվ քաղաքական բրածոներ։ Եկեք թվերով տեսնենք, թե ինչքանով կարող են այդ կազմակերպությունները կամ մարդիկ համարվել «քաղաքական ուժ»։

2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ, որից 4 կամ 6 տոկոսի շեմը (համապատասխանաբար կուսակցությունների և դաշինքների համար) հաղթահարել է ընդամենը երկու քաղաքական ուժ, մեկը մեր քաղաքական ուժն է՝ Քաղացիական պայմանագիր կուսակցությունը, որը ստացել էր ընտրողների 53,9% քվեն, մյուսը Հայաստան դաշինքը, որը ստացել էր ընտրողների 21,1% քվեն։ Երրորդ տեղը զբաղեցրած Պատիվ ունեմ դաշինքը չէր հաղթահարել 6% շեմը և իր ստացած 5,22% ձայներով հայտնվել է ԱԺ-ում օրենքի բերումով, քանի որ մեր ընտրական օրենսդրությունը պահանջում է առնվազն 3 քաղաքական ուժի առկայություն խորհրդարանում։ Իհարկե երկու ընդդիմադիր խմբակցությունն էլ ԱԺ աշխատանքները սկսելուց կարճ ժամանակ անց ըստ էության քանդվեցին, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է։

Եվ հետևաբար ինչու են հիմա «Հայաստան» և «ՊՈւ» դաշինքներից մնացած անձանց հետ մեկտեղ աղմկում նաև ԱԺ նախորդ ընտրություններին մասնակցած և շեմը չհաղթահարած 25 «քաղաքական ուժերի» մի մասը, ինչպես նաև «ուժեր», որոնք նույնիսկ չեն էլ մասնակցել այդ ընտրություններին (հանուն արդարության հատուկ պետք է նշել, որ այդ 25 ուժերից ոչ բոլորն են այս 40-ի մաս կազմում)։ Ի դեպ, հիշեցնեմ՝ խոսքը այն ընտրությունների մասին է, որոնք հենց մենք էինք նախաձեռնել՝ վարչապետի հրաժարականով, ընտրությունների, որոնք անցնում էին մեր երկրի սուվերեն տարածքի վրա առաջին ագրեսիայի ժամանակահատվածում և այն ընտրությունների, որոնց արդյունքում տարբեր «գելափների» համաձայն ՔՊ-ն շռնդալից պարտություն պետք է կրեր։

Իսկ այդ «ուժերը» աղմկում են ընդամենը մեկ պատճառով։

Ինչպես բազմիցս նշել ենք, նրանց համար ժողովրդավարությունը, ընտրական ժողովրդավարությունը լոկ դատարկ խոսքեր են։ Նրանց հետաքրքիր չէ մեր քաղաքացիների՝ ընտրողների կողմից իրենց տրված քվեն, նրանց հետաքրքիր է իշխանությունը ցանկացած գնով զավթելը և պահելը, ինչը առնվազն երկու գործող ընդդիմադիր ֆրակցիաները իրենց առաջնորդներով և կոալիցիոն գործընկերներով ցույց են տվել 1998-2018թթ ընթացքում։ Իշխանությանը ամեն գնով տիրանալու մասին է խոսում նաև այն հստակ ցուցիչը, որ այս «ուժերը» արտահերթ ընտրություններ չէին պահանջում ո՛չ 2021-ի ընտրություններից առաջ և ո՛չ էլ հիմա, թեև արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիք և անհրաժեշտություն չկա էլ, քանի որ կա լեգիտիմ իշխանություն, բայց միևնույն է դա հստակ ցուցիչ է այդ «ուժերի» մոտիվների վերաբերյալ։

Իհարկե 40-ի շարքում կան նաև նորաստեղծ քաղաքական ուժեր, որոնք դեռ չեն մասնակցել ԱԺ ընտրություններին, թեև նրանցից ոմանք արդեն հասցրել են մասնակցել վերջերս տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին, որոնք իրենց քաղաքական կշռով երկրորդն են ԱԺ ընտրություններից հետո և կրկին չեն հաղթահարել անցողիկ շեմը, իսկ ոմանք էլ 25-ից են սերվել:

Հետևաբար, պարոն Գալստանյան, տիկնայք և պարոնայք 40 «քաղաքական ուժեր», ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա, դրանք ազատ և արդար ընտրություններն են և ձեզ այլ բան չի մնում անել, քան պատրաստվել 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին, եթե իհարկե, ինչպես արդարացիորեն նշել էիք, այդքան «հավես» ունեք:

Հ.Գ. Գրառման վերնագրի համընկնումը հայտնի հեքիաթի հետ պատահական է, այնպես որ` «Սեզամ հանկարծ չբացվե՛ս»,- գրել է պատգամավորը։

1078