Ոսկերչությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի և ուրույն հետագիծ, որի արդյունքում այն արհեստից վերաճել է արվեստի։
Գաղտնիք չէ, որ ոսկերչությունը մեր երկրում համարվում է արդյունաբերության կարևորագույն ոլորտներից և տնտեսության գերակա ճյուղերից մեկը, իսկ մեր հայրենակիցները՝ առաջատար ոսկերիչներ ամբողջ աշխարհում: Նրանց ինքնատիպ ու բարձրաճաշակ գործերը հաճախ կարելի է տեսնել միջազգային ցուցահանդեսներում, և դրանք կրում են համաշխարհային ճանաչում ունեցող անձինք։
Սա նշանակում է, որ այս ոլորտում աշխատողներին անհրաժեշտ է միավորող հարթակ, որը կօգնի համաշխարհային շուկայում իրենց տեղը գտնելու համար։ Այս կարևորագույն առաքելությունը իր վրա է վերցրել Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA)։ Ամբողջ աշխարհում հայ ոսկերիչներին հավաքելու և Հայաստանում ոսկերչական արդյունաբերությունը զարգացնելու լուրջ և պատասխանատու խնդիրը ստեղծման օրից մինչ այժմ կատարում է այս միությունը։
Երկու տասնամյակից ավելի պատմություն ունեցող այս կազմակերպությունը հայտնի է հայկական ոսկերչության հետ կապ ունեցող գրեթե բոլոր մարդկանց։ Ուսումնասիրելով այս միության գործունեությունը՝ կարելի է ասել, որ այն ամենահաջողված հայ հասարակական կազմակերպություններից է․ նրան անդամակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր անկյուններից: Կազմակերպության անդամ է մոտ երեք հազար ոսկերիչ` Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Թաիլանդում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, ստեղծման պահին այն ունեցել է ընդամենը 300 անդամ։
«Կապել հայ ոսկերիչներին ամբողջ աշխարհում և օգնել զարգացնել Հայաստանի զարգացող ոսկերչական արդյունաբերությունը»։
Այն սփռված է աշխարով մեկ․ տարածաշրջանային կոմիտեներ և ներկայացուցիչներ ունի ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում: Միությունը ծառայում է որպես հարթակ ցանցերի, գաղափարների փոխանակման, մասնագիտական հարաբերությունների խթանման, առևտրի, կրթական և կարիերա սկսելու ծրագրերի, համաժողովների ու համապատասխան ներդրումային նախագծերի խթանման համար:
Հայ ոսկերիչների համաշխարհային միության գլխամասային գրասենյակը 2016-ի հունվարի 1-ից տեղափոխվեց Երևան՝ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել ոսկերչության տարածաշրջանային կենտրոններից մեկը։
Այն ոչ միայն փորձառու ոսկերիչների հետ է համագործակցում, այլ նաև ինքն է ցանկանում ներդրում ունենալ ոսկերչության ուսուցման մեջ՝ հաշվի առնելով մեր երկրում դրա կարևորությունը։
2012 թվականից գործում է Հայ ոսկերիչների միության (AJA) ոսկերչական դպրոցը, որի ուսուցումը դպրոցում անվճար էր և հովանավորվում էր հայ ոսկերիչների միության կողմից: Միությունը օգնել է 4-5 հայկական դպրոցների կարիքավոր աշակերտներին շարունակել իրենց կրթությունը: Հայ ոսկերիչների միության միջազգային խորհուրդը ստեղծել է կրթաթոշակային հիմնադրամ՝ ամեն տարի կրթելու հինգ հայ երիտասարդ ուսանողների, որոնք ցանկանում են ոսկերչությամբ զբաղվել որպես դիզայներ։ Նրանք ստեղծել են Իտալիայում նրանց կրթելու հիմնադրամը։
Այս գաղափարի հիմքում հայկական արմատներ են ու հայերնասիրությունը։ Ցեղասպանություն տեսած ընտանիքում ծնված Պիեռ Աքքէլեանը նման կարևորագույն գաղափարի ստեղծողն ու իրականացնողն է՝ հայկական արհեստներով եւ մշակույթով տարված։
Նա ծնվել է Հալեպում, սակայն մեծացել Կանադայում՝ Մոնրեալում։ Կանադահայ ձեռնարկատեր ու ոսկերչական բիզնեսի ներկայացուցիչ Պիեռ Աքքէլեանը համաշխարհային գործունեություն է ծավալում։ Նրան պատկանող «Canadian Gem» (Կանադական մարգարիտ) ընկերությունը հայտնի է որպես Կանադայում մարգարիտների խոշորագույն մատակարար եւ ունի Կանադայում մարգարիտների ամենավստահելի մասնագետի» համբավ։
Հայկական ոսկերչության մեջ մեծ ներդրումից բացի, նա հայտնի է ամբողջ աշխարհում և հատկապես Կանադայում։
Աքքէլեանը զգալիորեն նպաստել է կանադական ոսկերչական արդյունաբերության ձեւավորմանը, մասնավորապես Կանադայի ոսկերիչների ասոցիացիայում (CJA) ընդգրկված լինելու միջոցով։ Նրա ակտիվ ջանքերը գնահատվեցին, երբ CJA-ը Աքքէլեանին շնորհեց 2015թ. «Նախագահի մրցանակը»։ Նա նաև Հոնկոնգի «Nishi Pearls» ընկերության համահիմնադիր է։
Իր հայկական արմատները արտահայտվում են ոսկերչության մեջ․
«Հայերը ոսկերչությամբ զբաղվում են այնպես, ինչպես շվեյցարացիները՝ ժամացույցների արտադրությամբ, և ավելի քան կես հազարամյակ մենք հսկայական ներդրում ենք ունեցել համաշխարհային ոսկերչական արդյունաբերության և առևտրի զարգացման գործում», - ասում է Աքքէլեանը։
Նա շեշտում է, որ այժմ առավել քան երբևէ, հետհամաճարակային և 44-օրյա պատերազմից հետո, հայերը կարիք ունեն AJA-ի և համահայկական նմանատիպ մասնագիտական և առևտրային ցանցերի՝ ազգային շահերի բոլոր ոլորտներում, որպեսզի ամրապնդեն իրենց կապերը մեր հայրենակիցների հետ և կիսեն գիտելիքն ու փորձը, որն անհրաժեշտ է հայ ազգի գոյատևումն ու բարգավաճումն ապահովելու համար:
AJA-ն ստեղծվեց, երբ մի խումբ անդամներ միավորեցին՝ նպատակ ունենալով օգնել Հայաստանում հայ ոսկերիչներին, միանալու Հայաստանին օգնելու գործին:
«Առաջին նպատակն է ամբողջ աշխարհին պատմել, թե հայը ինչ ներդրում ունի ոսկերչության մեջ և երկրորդ նպատակն՝ ապագա սերունիդին պատաստել»։
Միությունն ակտիվ գործունեություն է ծավալում իր համաժողովներով և ցուցահանդեսներով՝ ավանդույթներով հարուստ հայ ոսկերչական արվեստը հայրենիքում ներկայացվելու իր ամբողջ գունապնակով:
Araratnews.am-ը ամեն շաբաթ իր ընթերցողին կծանոթացնի Հայ ոսկերիչների համաշխարհային միության անդամներից մեկին։ Կներկայացնի նրա աշխատանքերը և անցած ուղին։