ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին:

Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով շարունակական եւ արդյունավետ կլինի:

Նորվեգիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար` նշելով, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Նրա խոսքով Նորվեգիան բարձր է գնահատում վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները:

Կարեւորելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարումը` հանձնաժողովի նախագահը ողջունել է Նորվեգիայի` առաքելությանը միանալու նախաձեռնությունը:

Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման հարցում Նորվեգիայի մասնակցության համար: Նա կարեւորել է խորհրդարանի կարողությունների զարգացմանը նպատակաուղղված աջակցությունը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերը:

Քննարկվել են համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Կարեւորվել է համանուն հանձնաժողովների միջեւ փոխգործակցության ակտիվացումը:

158