ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Բերգլյոտ Հովլանդին: 

 

Ինչպես հայտնում են ՇՄ նախարարությունից, ողջունելով տիկին դեսպանին, նախարարը շեշտել է, որ միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից են, և նախարարությունը խիստ կարևորում է միջազգային փորձի փոխանակումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում։

Հանդիպման ընթացքում նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել ոլորտի արդյունավետ կառավարմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները և ընթացիկ ծրագրերը:

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էկոպարեկային ծառայության ստեղծմանը, անտառվերականգնման և պահպանության հիմնախնդիրներին:

 

Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում, Ջրային օրենսգրքում, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունները և բարեփոխումները:

 

Առանձին անդրադարձ է կատարվել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացներին:

 

Նախարարը տիկին դեսպանի հետ խոսել է նաև բնապահպանական կառավարման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մասին` անդրադառնալով Օրհուս գրասենյակների վերագործարկման ընթացիկ աշխատանքներին:

 

Տիկին դեսպանն իր գոհունակությունն է հայտնել ներառական մոտեցման վերաբերյալ:

 

Նախարարը տիկին դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով:

301