Երևանի տարբեր վարչական շրջաններում հունիսի 14-ին բացօթյա արյունատվության ակցիա կիրականացվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Արմեն Պետրոսյանը։

 

Նշենք, որ արդեն 20 տարի է, որ հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորների համաշխարհային օր։

 

«Մենք որոշել ենք արյան հավաքագրման միջոցառումներ կազմակերպել։ Դրանք կազմակերպվելու են Խաչքարների պուրակում, Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Սարյան–Մաշտոցի պողոտա), ինչպես նաև Արյան բանկում։ Սկսվելու է առավոտյան ժամը 09։30-ից, իսկ ավարտը կլինի 15։30-ին։ Մենք արդեն որոշ քանակի դոնորներ ունենք, ովքեր նախապես հայտնել են, որ պատրաստ են դառնալ դոնոր, բայց կարող են մոտենալ նաև բոլոր ցանկացողները։ Տեղում մենք սքրինինգ կանցկացնենք, այնտեղ կլինեն թերապևտը, բժիշկը»,– ասաց Պետրոսյանը։

 

Դոնոր կարող են դառնալ 18 տարեկանը լրացած անձինք, ինչպես նաև առնվազն 52 կգ քաշով իգական սեռի ներկայացուցիչները և 62 կգ քաշով արական սեռի ներկայացուցիչները։ Դոնոր դառնալ ցանկացողների հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները կանանց դեպքում պետք է լինեն 125-180 գրամ/լիտր, տղամարդկանց դեպքում` 135-188 գրամ/լիտր, իսկ արյան ճնշումը պետք է այդ պահին չլինի շատ բարձր կամ ցածր, երակազարկն էլ 60-90 զարկ 1 րոպեում։

454